Արման Բոշյանը հերքում է իր՝ գործադիր տեղափոխվելու մասին լուրերը (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՎերջին շարունակաբար տեղեկություններ էին պտտվում «Իմ քայլը» խմբակցությունում վերադասավորումների, պատգամավորների՝ գործադիր տեղափոխվելու մասին։ Շրջանառվում էր նաև «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արման Բոշյանի անունը։
«Ա1+»-ի հետ զրույցում պատգամավորը հերքեց լուրերը․
«Ես շարունակում եմ աշխատել «Իմ քայլը» խմբակցությունում, տեղափոխովելու հետ կապված տեղեկատվությունը իրականությանը չի համապատասխանում, եթե նմանատիպ տեղեկատվություն լինի, ես անպայման կտեղեկացնեմ հանրությանը»։
Ինչ վերաբերում է ԲՀԿ-ի և իշխանության միջև սկսված բանավեճին և դիտարկմանը, թե ԲՀԿ-ից ասում են՝ իշխանությունը բովանդակային քննադատություններին առարկայական հիմնավորումներ չունի և այդ պատճառով քննարկումները տանում է անձնական տիրույթ, պատգամավորն արձագանքեց․
«Վստահ եմ՝ հետևել եք 7-րդ գումարման Ազգային ժողովի ամբողջ գործունեությանը և ականատես եք եղել մեր ընդդիմադիր գործընկերների կողմից քաղաքական բովանդակությանը, երբ դահլիճում հնարավոր էր լսել վիրավորանքներ և խորհրդարանին ոչ հարիր բառապաշար։ Մենք կողմնակից ենք քաղաքական բանավեճի, բայց, ցավոք սրտի, մեր ընդդիմադիր գործընկերներից ոմանց մոտ չի ստացվում տեղափոխվել այդ դաշտ»։
Պատգամավորը համոզմունք է հայտնում, որ ԿԳՄՍ նախարարին ներկայացված հարցապնդման ընթացքում ևս չհնչեցին բովանդակային քնադատություններ․
«Մենք տեսանք քաղաքական մանիպուլյացիաներ, քաղաքական բովանդակություն և կարծում եմ՝ հանրության համար ակնհայտ դարձավ, որ այս ամբողջ գործողությունների մոտիվացիան քաղաքական էր և միտված էր հարվածներ հասցնել այսօրվա Կառավարությանը, այսօվա իշխանությանը»։
Ինչ վերաբերում է ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի հորդորին՝ ուղղված իշխանական պատգամավորներին այն մասին, որ դուրս գան ժողովրդի մեջ, գյուղամեջ և ծանոթանան մարդկանց սոցիալական վիճակին, պատգամավորն արձագանքեց․
«Մենք ապրում ենք քաղաքացիների հետ կողք-կողքի, ես ապրում եմ բազմահարկ շենքում, և այն, ինչ նկարագրվում է, իրականությանը չի համապատասխանում։ Կառավարությունը, իմ համոզմամբ, սոցիալական ծրագրերով մեղմել է այն հնարավոր ազդեցությունը, որը կարող էր ունենալ կորոնավիրուսը»։