Այս իշխանությունը ՀՀ-ի համար շատ ավելի վտանգավոր է, քան կորոնավիրուսը. Արսեն Բաբայան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԲոլոր գործողությունները, որի մեջ է մտնում նաև հանրահավաքը, բերելու են մեկ արդյունքի՝ Կառավարությունը տալու է հրաժարական, ձևավորվելու է նոր Կառավարություն։ Այս մասին դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանը, ով դատարան է եկել՝ սատարելու Գագիկ Ծառուկյանին։
«Կառավարությունն անցկացնելու է արտահերթ խորհրդարանական ընտրություններ, և դա ավելի քան իրատեսական է»։ Հարցին, թե հնարավո՞ր է մինչ հանրահավաքը Վանեցյանի նկատմամբ ևս իրավապահ համակարգը որևէ գործողություն սկսվի, Բաբայանն արձագանքեց․
«Այս իշխանության կողմից ցանկացած աննորմալ ու անտրամաաբանական գործողություն հնարավոր է»։
Ինչ վերաբերում է իշխանության ներկայացուցիչների պնդումներին, թե կորոնավիրուսով պայմանավորված՝ թվերն ավելանում են, և այս պայմաններում հանրահավաք իրականացնելը առողջապահական տեսանկյունից վտանգավոր է, Բաբայանն արձագանքեց.
«Իշխանությունը փորձում է ամեն տեսակ հնարավոր բան հիմա մտածել, մենք չպետք է մոռանանք, որ այս նույն իշխանությունը, երբ մենք էինք ասում, որ չի կարելի իրականացնել հանրահավաքներ, սահմանադրական փոփոխությունների հետ կապված անում էր շատ պարբերական հանրահավաքներ: Ինչ վերաբերում է մեր հանրահավաքին, պահպանվելու են բոլոր կանոնները, և մի քիչ էլ առաջ անցնելով՝ ասեմ, որ այս իշխանությունը ՀՀ-ի համար շատ ավելի վտանգավոր է, քան կորոնավիրուսը»:
Արսեն Բաբայանը չբացառեց, որ այլ ուժեր ևս կմիանան եռյակին, նաև հավելեց, որ Հանրապետականի և ՀՀ երկրորդ նախագահի հետ հանդիպում, քննարկում չեն ունեցել: