A
A
Ադրբեջանի կողմից կատարված հարձակումը արդարացում չունի. Մակրոն (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՖրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Բրյուսելում կայանալիք Եվրոպական խորհրդի նիստին ընդառաջ խոսել է հավատարմագրված լրագրողների հետ, նշելով, որ «մեր ընկալմամբ, կիրակի օրը Ադրբեջանի կողմից կատարված հարձակումը արդարացում չունի:
Այսօր մենք արդեն հստակ տեղեկատվություն ունենք, համաձայն որի սիրիացի վարձկան զինյալները լքել են ջիհադիստական խմբերի պատերազմի դաշտը Այնթապում (Թուրքիա)՝ միանալու Լեռնային Ղարաբաղում ընթացող պատերազմական գործողություններին: Սա շատ լուրջ է։
Տեքստն ամբողջությամբ՝ ստորեւ
Ստորև Ֆրանսիայի Հանրապետության նախագահի անդրադարձը Լեռնային Ղարաբաղի հարցին Եվրոպական խորհուրդ ժամանելիս (01.10.2020)
Ողջու՛յն,
Նախ և առաջ ցանկանում եմ աջակցության խոսք հղել երկու լրագրողներին` Le Monde օրաթերթի թղթակցին և ֆոտոլրագրողին, ովքեր ժամեր առաջ վիրավորվել են կիրակի օրը ծագած հակամարտության թատերաբեմ Լեռնային Ղարաբաղում։ Ցանկանում եմ մեր աջակցությունը հայտնել Le Monde օրաթերթի լրագրողական ողջ անձնակազմին և ընտանիքներին։ Լրագրողները վիրավոր են, և այդ մասին հայտնի դառնալուց ի վեր, Արտաքին գործերի նախարարության ճգնաժամային կենտրոնը մոբիլիզացված է։ Ինչպես նաև մոբիլիզացված են մեր բոլոր կարողությունները, որպեսզի հնարավորինս արագ կարողանանք կազմակերպել վերջիններիս տեղափոխումը Ֆրանսիա։ Այս պահին, ինքնաթիռը պատրաստ է մեկնելու։ Անում ենք ամենը, տեղում վիրավորների վիճակը կայունացնելու համար նախքան վերջիններիս դեպի Ֆրանսիա տարհանումը։ Այս հարցի շուրջ կշարունակենք մնալ մոբիլիզացված մեր լրագրողների, տեղում գործող մեր թիմի, Փարիզյան մեր թիմերի, Le Monde օրաթերթի և ընտանիքների հետ։
Այս ամենը հանգեցնում է Լեռնային Ղարաբաղի իրավիճակից խոսելու անհրաժեշտությունը։ Արդեն նշել եմ, որ առիթ եմ ունեցել խոսելու վարչապես Փաշինյանի և նախագահ Ալիևի հետ և հրադադարի կոչ անել։ Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում իրավիճակը լուրջ է, և մենք շարունակում ենք մնալ ամբողջովին մոբիլիզացված։ Երեկ երեկոյան խնդրի շուրջ քննարկումներ ենք ունեցել նախագահ Պուտինի հետ, և րոպեներ առաջ նախագահ Թրամփը, նախագահ Պուտինը և ես, որպես Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման պատասխանատու Մինսկի խմբի երեք համանախագահներ, հրապարակեցինք համատեղ հաղորդագրություն։ Մենք պահանջում ենք հրադադարի անվերապահ հաստատում` ողջամտության կոչ անելով նրանց, ովքեր այս կամ այն կողմին դրդում են դուրս գալ բանականության սահմաններից։
Այսօր մենք խորապես մտահոգված ենք։ Ցավում ենք անշուշտ, ինչպես զոհված խաղաղ բնակիչների, այնպես էլ զինծառայողների համար և մեր զորակցությունը հայտնում նրանց ընտանիքներին։ Եվ պետք է ամեն միջոց գործի դնենք մի կողմից հակամարտության շուտափույթ ավարտին հասնելու, մյուս կողմից հակամարտության խաղաղ կարգավորման ուղին վերսկսկելու համար։
Կլինեմ շատ հստակ։ Մեր տեղեկություններով, Ադրբեջանի կողմից կիրակի օրվա հրետակոծությունները չունեն հիմնավորում, և այդ մասին է, որ ասել եմ Ալիևին։ Եվ ցանկանում եմ նաև չափազանց հստակ լինել։ Այսօր մենք տիրապետում ենք հավաստի տեղեկության, առ այն, որ սիրիացի զինյալները, տարանցելով Գազիանթեփը, լքել են ջիհադական գրոհայինների խմբավորումների գործողությունների թատերաբեմը` Լեռնային Ղարաբաղի ռազմական գործողություններին միանալու համար։ Սա շատ լուրջ, նոր փաստ է, որն ամբողջությամբ փոխում է իրադրությունը։ Առաջիկա ժամերի ընթացքում այդ մասին նախ կբարձրաձայնենք այստեղ` Եվրոպական խորհրդում։ Նախագահներ Թրամփի և Պուտինի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել իրավիճակի վերաբերյալ մեր տիրապետած բոլոր տեղեկությունները փոխանակելու մասին, որպեսզի կարողանանք հետևություններ անել։ Ամեն դեպքում, որպես Մինսկի խումբ մնում ենք մոբիլիզացված։ Ձեռնամուխ ենք լինելու բնականոն կյանքի վերադարձին, հրադադարի անվերապահ հաստատմանն, և բանակցությունների ու իրավական ճանապարհով հակամարտության կարգավորմանը։
Ֆրանսիայի դեսպանություն