Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Միջազգային ճնշումն Ադրբեջանի վրա ավելանում է. պատգամավոր (տեսանյութ)

Դատելով միջազգային արձագանքներից նաև այսօր՝ միջազգային ճնշումը Ադրբեջանի վրա ավելանում է,- ասում է ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթև Հայրապետյանը՝ հավելելով, որ չնայած սրան՝ Բաքուն հայտարարում է, որ շարունակելու է ռազմական գործողությունները.

«Պետք է հասկանալ, որ այն, ինչ ներկայացնում է ադրբեջանական քարոզչամեքենան արդեն 11 օր շարունակ, որը չի համապատասխանում իրականությանը, ստեղծել է անելանելի իրավիճակ Ալիևի համար»:

Հայրապետյանն ասում է՝ Ադրբեջանի խորհրդարանը քննարկում էր երեկ Մատաղիսի վերանվանման հարցը, մինչդեռ մենք տեսնում ենք՝ ինչ է տեղի ունենում ադրբեջանական ուժերի հետ Մատաղիսում.

«Եթե այսօր իրենք լսեն կոչերը, համաձայնեն հրադադարին և հետ վերցնեն իրենց դիակները, դա կարող է հսկայական խուճապ առաջացնել Ադրբեջանում և ճակատագրական լինել Ալիևի իշխանության համար»:

Պատգամավորն ասում է՝ պետք է հասկանալ, որ գործ ունենք բռնապետական երկրի հետ, որտեղ ցանկացած բողոքի արտահայտություն դաժան պատժի է արժանում, ուստի, ըստ Հայրապետյանի, որպեսզի Ադրբեջանում բողոքի մեծ ալիք բարձրանա, ժողովուրդը պետք է պատկերացնի ձախողումների այն ալիքը, որոնք կրում են նրանք այս օրերին:

«Ալիևը միտումնավոր չի գնում անգամ հումանիտար հրադադարի՝ շատ լավ հասկանալով՝ ինչ է սպասվում իրեն դրանից հետո»:

Հայրապետյանն ասում է՝ մեզ համար միջազգային արձագանքը շատ կարևոր է, բայց իրավիճակը որոշում և լուծում է հայկական բանակը: Պատգամավորը Ռուսաստանից բացահայտ մեսիջ է նկատել առ այն, որ Ադրբեջանը պետք է օր առաջ դադարեցնի ռազմական գործողությունները, և որ «Ադրբեջանի կապրիզները ոչ մեկի համար ընդունելի և ընկալելի չեն»: