Պոմպեոն հույս է հայտնել, որ հայերը կկարողանան պաշտպանվել ադրբեջանցիների գործողություններից
Աջակցիր «Ա1+»-ինԱՄՆ պետքարտուղար Մայքլ Պոմպեոն պատասխանել է Էրիկ Էրիկսոնի հարցերին WSB Atlanta-ի եթերում.
Հարց. Ես մեծացել եմ Մերձավոր Արևելքում ՝ Դուբայում: Ես շատ ընկերներ ունեմ Մերձավոր Արևելքից, ունեմ բազմաթիվ ընկերներ աշխարհի այլ տարածաշրջաններից և Հայաստանից: Եվ անհանգստացել եմ` կարդալով հայ-ադրբեջանական իրավիճակի վերաբերյալ մամուլի հրապարակումները: Գիտեմ, որ դա տարածվում է Ռուսաստանից, Իրանից և այլն: Ի՞նչ կարծիք ունեք այդ մասին:
Քարտուղար Պոմպեո. Ես չգիտեի ձեր պատմությունը Դուբայի մասին: Թույլ տվեք երկու բան ասել, ապա կանդրադառնամ Հայաստանին: Էմիրությունների ղեկավարության՝ ատելություն չստեղծելու արտաքին քաղաքականությունը Իսրայելի հետ համարձակ էր և օգուտ կբերի Էմիրությունների յուրաքանչյուր բնակչի, լինի Աբու Դաբիում, թե` Դուբայում, թե` այլուր: Դա լավ է տարածաշրջանի համար: Այդ որոշումը հիանալի է ամերիկացի ժողովրդի համար, որը ստիպված չի լինի այնտեղ ավելի մեծ թվով մարդկանց ուղարկել՝ կռվելու Մերձավոր Արևելքի հեռավոր վայրերում: Կրճատվում է նաև ահաբեկչության վտանգը տարածաշրջանում, քանի որ բոլորս կենտրոնանում ենք Իրանի Իսլամական Հանրապետության կողմից իրական սպառնալիքի վրա:
Այն, ինչ է տեղի ունենում այսօր Ադրբեջանում և Հայաստանում, վտանգավոր է: Մենք այժմ ունենք Թուրքիա, որը միջամտել է և ռեսուրսներ տրամադրել Ադրբեջանին` մեծացնելով ռիսկը, մեծացնելով կրակային հզորությունը, որն առկա է պատմական հակամարտությունում Լեռնային Ղարաբաղ կոչվող փոքրիկ վայրում` մոտ 150 հազար բնակչությամբ:
Դա երկար ձգվող հակամարտություն է: Այս հակամարտության կարգավորումը պետք է իրականացվի բանակցությունների ու խաղաղ քննարկումների միջոցով, այլ ոչ թե ռազմական բախման, և, իհարկե, ոչ երրորդ երկրների միջամտությամբ, որոնք պատրաստ են կրակի վրա յուղ լցնել: Մենք հուսով ենք, որ հայերը կկարողանան պաշտպանվել ադրբեջանցիների գործողություններից ու նրանք կհասնեն իրական հրադադարի, հետո կնստեն բանակցությունների սեղանի շուրջ և կփորձեն հասկանալ այդ իսկապես պատմական և բարդ խնդիրը: