Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

38 խոզ` ժանտախտի զոհ

Մարզեր

Խոզերի աֆրիկյան ժանտախտն արդեն տարածվել է հանրապետության երեք` Տավուշի, Լոռու եւ Շիրակի մարզերում: Շիրակի մարզում աֆրիկյան ժանտախտ արձանագրվել է Լուսաղբյուր գյուղում:

Խոզաբուծությամբ զբաղվող 4 տնտեսությունում վարակվել է 38 գլուխ խոզ, մարզի այլ համայնքներում հիվանդության դեպքեր չեն արձանագրվել:

Շիրակի մարզի «Սննդամթերքի անվտանգության եւ անասնաբուժության պետական տեսչության» պետ Անուշիկ Մնացականյանի խոսքերով` տագնապի առիթ չկա: Ընդամենը մի համայնքում է եղել խոզերի անկում: Իրավիճակը վերահսկելի է:
Մարզային պատասխանատուները դեռ չգիտեն, թե ինչ ճանապարհով է աֆրիկյան ժանտախտը հասել Շիրակի մարզ.

«Պատճառների մասին գյուղացուց իմանալն այնքան էլ հեշտ գործ չէ, - ասում է «Սննդամթերքի անվտանգության եւ անասնաբուժության տեսչության» պետը:

Աֆրիկյան ժանտախտի դեմ որեւէ պատվաստանյութ չկա: Վարակի տարածումը կանխվում է հիվանդ կենդանիներին հարկադիր սպանդի ենթարկելու, բնակավայրերում կարանտին սահմանելու միջոցով:

2007-2008թթ.խոզերի աֆրիկյան ժանտախտը հանրապետությունում 20 հազար գլուխ խոզերի ոչնչացման պատճառ էր դարձել:

Այժմ հանրապետությունում աֆրիկյան ժանտախտի պատճառով հարկադիր սպանդի է ենթարկվել 900-ից ավելի խոզ:Իսկ գյուղացիներին փոխհատուցում տրամադրելու հարցը կառավարությունում դեռ չի լուծվել:Միայն գույքագրում է կատարվում, որից հետո նոր կհստակեցվեն փոխհատուցման մեխանիզմները, եթե իհարկե կառավարությունը որոշի, որ միջոցներ հատկացնելու է այդ նպատակին:

Գյումրիի «Ցայգ» ՀԸ