Ֆրանսիական Ֆոնեթոնից մինչև Հեռուստամարաթոն 2020. համազգային դրամահավաքը շարունակվում է
Աջակցիր «Ա1+»-ին2020 նոյեմբերի 22-ին Հիմնադրամի Ֆրանսիայի տեղական մարմնի նախաձեռնած Ֆոնեթոնի արդյունքում հավաքագրվել է ավելի քան 2.1 միլիոն եվրոյի խոստում–նվիրատվություն: Չնայած առողջապահական և տնտեսական ճգնաժամերին՝ հարյուր հազարավոր նվիրատուներ կրկին համախմբվեցին՝ ի աջակցություն հայրենիքի և արցախահայության: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը նույնպես այցելել էր Ֆրանսիայի տեղական մարմնի կենտրոնակայան, հանդիպել հայ կամավորներին և քաջալերել հայ համայնքին։ Հավաքագրված գումարը հիմնականում ուղղվելու է Արցախի բնակչությանամենահրատապ կարիքներին: Նախատեսվում է իրականացնել 3 միջոցառում՝
- Աջակցություն Արցախ վերադարձող մեր հայրենակցներին
Արցախ վերադարձող ընտանիքներին կտրամադրվի իրենց կարիքներին համապատասխան աջակցություն: Գյուղատնտեսները կստանան սերմեր, դիզելային վառելիք գյուղ տեխնիկայի համար և այլ անհրաժեշտ օգնություն: «Հայաստան» հիմնադրամը կստանձնի նաև այդ ընտանիքների 1 տարվա կոմունալ ծախսերի վճարումը:
- Աջակցություն Արցախից տեղահանված բնակչությանը
Այն ընտանիքները, որոնք չեն կարող կամ չեն ցանկանում այս պահի դրությամբ վերադառնալ Արցախ կստանան սննդի և հիգիենիկ պարագաների ամենամսյա ամբողջական փաթեթներ:
- Վերակառուցում
Աջակցություն կտրամադրվի նաև այն ընտանիքներին, որոնց տները ավերվել են պատերազմի արդյունքում: «Հայաստան» հիմնադրամը մեծապես կնպաստի ենթակառուցվածքների վերականգնմանը: Նշենք նաև, որ «Մենք ենք, մեր սահմանները» համազգային դրամահավաքի շրջանակներում սեպտեմբերի 27-ից սկսած Ֆրանսիայի տեղական մարմնի միջոցով արդեն հավաքագրվել էր ավելի քան 5 մլն եվրո գումար, իսկ himnadram.org կայքի միջոցով ֆրանսիայից նվիրաբերվել է ավելի քան 425 հազար ԱՄՆ դոլար գումար:
Նմանատիպ դրամահավաքներ վերջին օրերին տեղի ենունեցել Արևմտյան Եվրոպայի և Հարավային Ամերիկայի մի շարք երկրներում, իսկ նոյեմբերի 26–ին կայանալու է ավանդական դարձած Հեռուստամարաթոնը Լոս Անջելեսում:
Հաշվի առնելով ետպատերազմական իրավիճակը և հարգելով զոհերի հիշատակը՝ այս տարի Հեռուստամարաթոնը հանդես կգա նոր ձևաչափով: Այն կտևի ընդամենը 4 ժամ և կհեռարձակվի Լոս Անջելեսից, նոյեմբերի 26-ին` Գոհաբանության օրը, ժամը 4ին (ամերիկյան ժամանակով): Արցախում և Հայաստանում տիրող իրավիճակով պայմանավորված՝ Հեռուստամարաթոն 2020-ի հանգանակություններն ուղղվելու են Արցախից տեղահանված և հայրենիքի համար զոհված զինվորների ընտանիքների աջակցմանը: Նպատակն է ֆինանսապես աջակցել այս ընտանիքներին, ապահովել բնակարաններով և 1 տարվա համար անհրաժեշտ տարրական պարագաներով, ինչպես նաև կազմակերպել տեղահանված երեխաների պատշաճ կրթությունը: #ArtsakhStrong արշավի առաջին ամսվա ընթացքում ԱՄՆ–ի «Հայաստան» հիմնադրամն արդեն իսկ հավաքագրել էր գրեթե 80 միլիոն ԱՄՆ դոլար՝ Արցախից տեղահանվածներին օգնելու համար, որոնց մեծ մասը ստիպված էր եղել դատարկ ձեռքերով լքել իրենց տները: Հիմնադրամը յուրաքանչյուր նվիրատվություն ուղղում է ամենահրատապ մարդասիրական կարիքներին՝ ապահովելով ժամանակավոր կացարաններ, սնունդ, բժշկական պարգաներ, փոխադրամիջոցներ, և այլն: Հիմա,առավել քան երբևէ, պետք է լինենք համախմբված՝ օգնելու Արցախի մեր քույրերին և եղբայրներին վերակառուցել, բարգավաճել և հզորանալ: