Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Մենք ունենք հիվանդ քաղաքական համակարգ և դրանով գնալու ենք արտահերթ ընտրությունների․ ԱԺ-ն քննարկում է Կուսակցությունների մասին օրենքը (տեսանյութ)

Ազգային ժողովը քննարկում է Կուսակցությունների մասին օրենքում փոփոխություններ կատարելու հարցը։

«Իմ քայլը» խմբակցությունն առաջարկում է մի քանի առանցքային փոփոխություններ, այդ թվում՝ կուսակցությունների ֆինանսավորման մեխանիզմի վերանայումը։

Քննարկման ընթացքում ԼՀԿ պատգամավոր Գևորգ Գորգիսյանը նշեց, որ այս օրենքից է կախված՝ քաղաքական դաշտը հետագայում ինչպես կզարգանա․

«Քննարկումների ընթացքում քիչ էր կուսակցությունների մասնակցությունը, արտախորհրդարանական կուսակցությունների հետ մենք ունեցանք խորհրդարանական լսումներ, որոնք ես չեմ կարծում՝ լավագույն ֆորմատը չեն, որ քննարկեինք գաղափարներն ու փաստաթուղթը»։

Գորգիսյանի խոսքով՝ մտահոգիչ է, որ այս ամենը կիրառելու արդյունքում լինելու են կուսակցություններ, որոնք փակվելու են,պատգամավորն  առաջարկում է փոփոխությունները կիրառել որոշակի վերապահումներով։

ԱԺ անկախ պատագամավոր Արման Բաբաջանյանը իր հերթին հայտարարեց՝ կուսակցությունները պետք է ոչ թե սպառնալիք լինեն, այլ ապահովեն երկրի ժողովրդավարական ընթացքն  ու զարգացումը․

«Կուսակցություններն իրենք իրենց ներսում պետք է ժողովրդավար լինեն ներքին հակակշիռների մեխանիզմներով։ Հարցերի հարցն այն է, թե ովքեր պետք է  իրավունք ստանան մասնակցել ընտրություններին և հաջողության դեպքում վճռեն պետության և ազգի ճակատագիրը։ Հենմց այս հարցը պետք է դառնար այս կարևորագույն օրենքի քննարկման առարկան»։

Բաբաջանյանի խոսքով՝ Հայաստանի նորագույն պատմությունը ցույց է տալիս, որ մի խումբ մարդկանց միջոցով իշխանությունը բռնազավթելու համար նաև պետք է բռնազավթել կուսակցության ներսում իշխանությունը․

«Այդպիսի բան տեղի ունեցավ 2007 թվականին Անդրանիկ Մարգարյանի մահից հետո, երբ Սերժ Սարգսյանը մի քանի շաբաթում զավթեց Հանրապետական կուսակցությունը, իր հավատարիմ օլիգարխների հետ զավթեց այդ կուսակցության ղեկավար մարմինը, կուսակցության քաղաքական պլանը ոչնչացնելով՝ առաջին պլան բերեց քրեաօլիգարխիային»։

Այս օրենքը պետք է նպաստի կայուն քաղաքական համակարգի ձևավորմանը,-ասում է Բաբաջանյանը։

ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանը իր հերթին հայտարարեց, որ օրենքում ավելացել է կարևոր դրույթ․

«Մշտապես գործող ղեկավար մարմնի կազմում յուրաքանչյուր սեռի ներկայացուցիչների թիվը չպետք է գերազանցի 60 տոկոսը»։

Նազարյանն արձագանքեց նաև ԼՀԿ պատգամավոր Արմեն Եղիազարյանի խոսքին, թե կանանց մասնակցությունը քաղաքականության մեջ ժամանակավրեպ է․

«Եթե կուսակցության ղեկավար կազմում չեք ուզում ընդգրկել տարբեր սեռերի ներկայացուցիչներ, բա ձեր նախընտրական ցուցակը կազմելիս, որը ենթադրում է սեռերի որոշակի տոկոսային ներկայացվածություն, ո՞ւմ մորաքրոջն եք խնդրելու, որ գա և ցուցակում ընդգրկվի, ինչքա՞ն կարելի է նսեմացնել կանանց մասնակցությունը քաղաքականության մեջ»,-եզրափակեց Նազարյանը։

ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը հակադարձեց՝ թե խոսքը գնում է կանանց արհեստական քվոտա նախատեսելու մասին, որի պարագայում ստիպված մորաքրոջն են գրելու։

Մարուքյանը պնդեց նաև՝ այս օրենքը չի կայունացնելու որևէ բան, այն ընդհանարապես կապ չունի քաղաքական համակարգի կայունացման հետ․

«Ի՞նչ կուսակցությունների մասին օրենք, մի հատ նայեք՝ էսօր ոնցա աշխատում մամուլը,  մեդիան, հեռուստաընկերությունները, որոնք որոշում են բլոկ անել էս մարդուն, կուսակցության մասին օրենքով ի՞նչ պիտի անեք, քաղաքական համակարգը ո՞նց եք առողջացնում։ Օրինակ, գրե՞լ եք, որ պառլամենտական ուժին հանրային մուլտիպլեքս սպառող հեռուստաընկերությունը չի կարող չլուսաբանել։ Քաղաքական համակարգը Հայաստանում ոնց հիվանդ կար, հիվանդ էլ մնաց, հեղափոխությունը եղավ, հույս ծնվեց, որ քաղաքական համակարգը կառողջանա, բայց ինչպես բոլոր ոլորտներում, այնպես էլ այստեղ, փոփոխությունները մնացին կիսատ-պռատ, մենք ունենք հիվանդ քաղաքական համակարգ և դրանով գնալու ենք արտահերթ ընտրությունների»,-նշեց Մարուքյանը։