Պատերազմ կարող էր չլինել, և պատերազմում մենք կարող էինք հաղթել. Վազգեն Մանուկյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանը հանդիպում է երիտասարդների հետ։ Հանդիպման ընթացքում Մանուկյանը հայտարարեց՝ իրավիճակն ավելի սարսափելի է, քան մենք պատկերացնում ենք․
«Մենք ոչ միայն կորցնում ենք վստահությունը երկրի ապագայի նկատմամբ, այլ նաև հարգանքը մյուս երկրների ժողովուրդների կողմից, մեր արժանապատվության զգացումն է վիրավորված, և հարց է առաջանում՝ մենք կկարողանա՞նք ոտքի կանգնել և այդ ամենը մաքրել ու կառուցել այն պետությունը, որի մասին երազում էինք, ես համոզված եմ՝ այո»։
Մանուկյանը պնդեց՝ պատերազմը չի ավարտվել․ բայց մենք մեզ զգում ենք անպաշտպան, կոտրված, բանակը և Կառավարությունը պարալիզացված են։
Մանուկյանը խոսեց ազատ ընտրությունների մասին, նախ շեշտեց՝ վերջին ընտրությունները մոտ էին ազատ ընտրություններին․
«Լիարժեք ազատ չէր, բայց մոտիկ էր, որովհետև հասկանալի էր, որ միևնույնն է՝ ժողովուրդը ընտրելու է իրեն։ Իսկ հիմա, եթե մարդը երկիր կորցնելուց հետո, խայտառակ պարտությունից հետո, հազարավոր զոհերից հետո կառչած է աթոռին, դուք ի՞նչ եք կարծում, որ հիմա ընտրություն լինի, ի՞նչ կկատարվի, մարդիկ կգնան, թուղթ կգցեն տուփի մեջ, ինքը կհաշվի, կասի՝ ես գնո՞ւմ եմ, չի լինի այդպիսի բան»։
Ինչ վերաբերում է օրենսդրությանը, Մանուկյանն ասում է՝ մեր օրենքները լավն են, իսկ դատական համակարգը Նիկոլ Փաշինյանի օրոք ջարդվեց, որպեսզի լիարժեք լինի իր ձեռքում։
«Ես հիմա կարծում եմ, որ մենք ապրում ենք ոստիկանական պետությունում, և դա ամենաուժեղը խփում է երիտասարդությանը»,-ասում է Մաուկյանը։
Մանուկյանը համոզված է՝ պատերազմ կարող էր չլինել, իսկ լինելու դեպքում պատերազմում մենք կարող էինք հաղթել․
«Այս վիճակից դուրս գալ այս իշխանություններով հնարավոր չէ, ամբողջ աշխարհում այդպես է, կործանման հասցրած ղեկավարները չեն կարող առաջ տանել, դրա համար մեր շարժումը դրել է առաջին հարց՝ Նիկոլ Փաշինյանի հեռացումը»։
Մանուկյանը վստահեցնում է՝ անցումային Կառվարությունն ամեն ինչ կանի, որպեսզի հիմքի դրվի նոր փուլի բաղադրիչ մասերի։