Ինձ համար զարմանալի է,թե ինչու են ապաքաղաքական լինելու կոչը դիտում քաղաքական կոչ․ ԲԴԽ նախագահ (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԴատական համայնքը բավականին կայուն վիճակում է։ Այս մասին այսօր հրավիրված ամփոփիչ ասուլիսում հայտարարեց ԲՀԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանը։
ԲԴԽ նախագահը անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանի դիտարկումներին, թե դատական համակարգին միայն լյուստրացիա է պետք, պիտի բացահայտվեն դատավորների՝ գործակալական ցանցերի անդամ լինելու, բանդաներին ուղղակի սպասարկելու առնչությունները, և այս ամենը սկիզբ դրվեց ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանի հայտարարությունից հետո՝ արձագանքեց, որ այդ բառակապակցությունները պարունակում են քրեական հանցագործություն, դրա համար կարող են հանցագործության մասին հաղորդում տալ․
«Եթե պարոն Բաբաջանյանը վստահ է, որ ինքը ճիշտ է, ապա համապատասխան ընթացակարգն ապահովելով՝ կարելի է դիմել իրավապահներին, եթե սա զուտ քաղաքական ելույթ է՝ օգտագործելով Ազգային ժողովի բարձր ամբիոնը, ապա բարոն Բաբաջանյանը չի դիմի և չի տա հանցագործության մասին հաղորդում»:
Ինչ վերաբերում է դատավորներին ուղղված՝ նախկինում հնչեցրած իր կոչին, որը շատերի կողմից մեկնաբանվեց որպես քաղաքական կոչ և մարտակոչ՝ ուղղված դատավորներին, Վարդազարյանն ասաց․
«Իմ կոչն ուղղված էր իմ գործընկերներին, որոնց հորդորել եմ զերծ մնալ քաղաքականությունից, չենթարկվել ճնշումների, նախազգուշացրել եմ, որ եթե տեսնեմ՝ որևէ դատավոր տուրք է տալիս ճնշումներին, քաղաքական որոշումներ է կայացնում, ես ինքս խաստագույն կարձագանքեմ այդ ամենին։ Իմ կոչի ամբողջ բովանդակությունը վերաբերում էր ապաքաղաքական լինելուն, և ինձ համար զարմանալի էր՝ ինչու են ապաքաղաքական լինելու և մնալու իմ կոչը դիտում քաղաքական կոչ, ուղղակի ժպիտ է առաջացնում»։
ԲԴԽ նախագահն ամփոփեց նաև 2020 թվականին կատարված աշխատանքները, նշեց՝ ԲԴԽ-ում կայացել է 84 նիստ, 37-ի դեպքում խորհուրդը հադես է եկել որպես դատարան։
2020 թվականի ընթացքում խորհուրդը առաջարկություն է ներկայացրել ՀՀ նախագահին, և նշանակվել են 20 դատավորներ։
Վարդազարյանի փոխանցմամբ՝ ԲԴԽ ներկայացվել է 19 միջնորդություն դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ, 10 դատավորների նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ, 3 դատավորի հայտարարվել է նկատողություն, 3-ի լիազորթյուններ դադարեցվել են, 4 միջնորդություն մերժվել է, երկու միջնոդություն կարճվել է։
ԲԴԽ-ի 2020 թվականի բյուջեն, նախագահի խոսքով, կրկնել է 2019-ի նույն բյուջեն, բյուջեի աճ չի եղել։
«607 մլն 303 հազար դրամ ԲԴԽ-ն հետ է ուղարկել կատավարության պահուստային ֆոնդ»։
Ինչ վերաբերում է դատարանների ծանրաբեռնվածությանը, Վարդազարյանն ասում է՝ 2020 թվականին դատավորների քանակը չի ավելացել․
«Մենք ունենք քրեական գործ քննող 61 դատավոր, քաղաքացիական գործ քննող 86 դատավոր, վարչական գործ քննող 24 դատավոր,մինչդեռ 2020 թվականի ընթացքում դատարանները ստացել են 6470 քրեական գործ, համեմատած 2019 թվականի հետ 1331 գործով ավել գործ ենք ստացել, 31256 միջնոդություն ենք ստացել միջդատական վարույթի վերաբերյալ դատական վերահսկողություն ստանալու ոլորտում,սա մոտ 10 հազարով ավել է նախորդ տարվա համեմատ, 175940 քաղաքացիական գործ է ստացվել, որը ավել է նախորդ տարվա հետ համատ 5523-ով»։
ԲԴԽ նախագահը հերթով թվարկեց 2020 թվականին ստացված բոլոր գործերը ցույց տալու համար դատավորների ծանրաբեռնվածության աստիճանը, նա հավելեց, որ դատավորներն աշխատում են 7 օր, օրը 24 ժամ։
ԲԴԽ-ն դիմել է կառավարությանը՝ խնդրելով ավելացնել 16 դատավորի հաստիք, դիմումները քննարկման փուլում են, սակայն արձագանք դեռ չեն ստացել։
Նշեց, որ 6 հաստիք խնդրել են ավելացնել Վարչական վերաքննիչում, որտեղ ահռելի շատ է ծանրաբեռնվածությունը, 6 հաստիք խնդրել են Երևանի դատարանի համար, և 4 դատավոր խնդրել են ավելացնել Սնանկության դատարանում։