Բացել լրահոսը Փակել լրահոսը
131977558_834957343953488_5908057426714713788_n
A A
Պաշտոնական

Ծանրագույն տարի ունեցանք՝ սկսած համավարակով առաջ եկած դժվարություններից մինչև արցախյան պատերազմ. Տավուշի մարզպետի ուղերձը (տեսանյութ)

Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է.

«Սիրելի տավուշցիներ, մենք ծանրագույն տարի ունեցանք՝ սկսած համավարակով առաջ եկած դժվարություններից մինչև արցախյան պատերազմ: Խոնարհվում եմ մեր բոլոր զոհերի, նրանց ծնողների և ընտանիքի անդամների առջև:

Հույս ունեմ, որ մենք օր առաջ կավարտենք անհայտ կորածների հայտնաբերման աշխատանքները և օր առաջ հայրենիք կվերադարձնենք մեր գերեվարված եղբայրներին, տղաներին: Մենք մեծ աշխատանք ունենք անելու վիրավորների վերականգնման, կյանքին իրենց ինտեգրման ուղղությամբ: Մենք պետք է օգնենք, որպեսզի նրանք նոր մասնագիտություններ ստանան և լիարժեք կյանքով ապրեն:

Պատերազմը մեզ առերեսեց իրականության հետ՝ առ այն, որ հաղթելու համար մենք շատ ավելի մեծ ջանք և գիտելիք պետք է ունենանք: Մենք պետք է բազմապատկենք զարգացման տեմպերը, որոնք մենք փորձել ենք ունենալ նախորդ տարիների ընթացքում: Սա է հաղթելու ճանապարհը և հնարավորությունը:
 
Տնտեսությունը հաջորդ կարևոր հանգամանքն ու ուղղությունն է, որը պետք է ապահովի մեր հաջողությունը: Աշխատող, արարող մարդուց, ձեռներեցից և գործարարից է առաջին հերթին կախված մեր հաջողության ապահովումը:
 
Մենք չենք կարող հաջողություն ունենալ առանց որակյալ կրթության: Իսկ որակյալ կրթության համար պետք է մեծ ջանք թափել: Դրա մասնակիցը պետք է լինեն բոլորը՝ ուսուցիչը, աշակերտը, ծնողը:
 
Տավուշցին նաև սահման է պահում՝ որպես զինվորական, աշխարհազոր կամ ընդամենը սահմանի վրա ապրող մարդ, որով երաշխավորում է մեր սահմանի անվտանգությունը: Մեր ամենօրյա աշխատանքը պետք է ուղված լինի մեր սահմանների անվտանգության, մեր երկրի հզորության ապահովմանը: Մենք չենք կարող ապավինել խաղաղությանը, այլ պետք է ապավինենք մեր ուժին, մեր մտքին, մեր աշխատանքին:
 
Սիրելի հայրենակիցներ, մեր հաջողությամբ է պայմանավորված մեր հայրենիքի ապագան: Թող նոր տարում մենք բավարար ուժ ու կամք ունենանք դա իրականացնելու համար:
Առողջություն և խաղաղություն բոլորիդ ընտանիքներին և մեր հայրենիքին»: