«Օղակների արքա» Ալբերտ Ազարյանը 92 տարեկան է (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԼեգենդար մարմնամարզիկ, օլիմպիական խաղերի եռակի և աշխարհի քառակի չեմպիոն Ալբերտ Ազարյանն այսօր նշում է իր ծննդյան 92-րդ ամյակը:
Նա իր մասին առաջին անգամ խոսելու առիթ է տվել 1951 թվականին, երբ Երևանի ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտի թիմի կազմում դարձել է ԽՍՀՄ ինստիտուտների առաջնության չեմպիոն, իսկ բազմամարտի մրցումներում գրավել է 2-րդ տեղը: Հաջորդ տարի նա առաջին անգամ դարձել է ԽՍՀՄ չեմպիոն օղակների վրա։ 1954 թվականին Խորհրդային Միության հավաքականի կազմում մասնակցել է Իտալիայում անցկացվող աշխարհի առաջնությանը և կրկին չեմպիոն դարձել օղակներից։ 1955 թվականին Արևելյան Գերմանիայում կայացած Եվրոպայի առաջնությունում Ալբերտ Ազարյանը նվաճել է երկու ոսկե մեդալ՝ օղակներից և զուգափայտից։
1956 թվականին նա Ավստրալիայում նվաճել է օլիմպիական խաղերի երկու ոսկե մեդալ՝ օղակների վրա և թիմային հաշվարկով։ 1960 թվականի Հռոմի օլիմպիական խաղերում դարձյալ առաջինն է եղել օղակների վրա։ 1963 թվականին մասնակցելով Ինդոնեզիայում կայացած Ասիական երկրների խաղերին, նվաճել է երեք ոսկե մեդալ՝ օղակներից, պտտաձողից և բազմամարտից։ 1964 թվականին ավարտել է մարզական գործունեությունը:
Սակայն, Ալբերտ Ազարյանը հայտնի է ոչ միայն իր նվաճած տասնյակ մեդալներով, այլև իր անունը կրող մարմնամարզական հնարքով: Խոսքը վերաբերում է «Ազարյանական խաչին», որը նա օղակների վրա առաջին անգամ կատարել է 1953 թվականին, Լենինգրադում կայացած ԽՍՀՄ առաջնության ժամանակ: Դրա համար նրան տվել են «Օղակների արքա» ածական անունը: Հարկ է նշել, որ աշխարհի ոչ մի մարմնամարզիկի չի հաջողվել այդպես կատարյալ կատարել «խաչը», ինչպես դա արել է հեղինակը:
Ալբերտ Վաղարշակին այսօր շարունակում է ղեկավարել իր անունը կրող մարմնամարզության մարզադպրոցը: Նա նաև Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի և Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի պատվավոր նախագահն է: