Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Սպորտ

Առաջատարները պարտություն կրեցին. Հայաստանի շախմատի առաջնություն

Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը ընթացող շախմատի Հայաստանի առաջնությունում այսօր կայացան 4-րդ տուրի պարտիաները:

Տղամարդկանց մրցաշարի միանձյա առաջատար Արման Փաշիկյանը սև խաղաքարերով զիջեց Մանուէլ Պետրոսյանին և կրեց առաջին պարտությունը: Նրա սայթաքումից անմիջապես օգտվեց Հովհաննես Գաբուզյանը, որը սպիտակներով հաղթեց Հայկ Մարտիրոսյանին, վաստակեց 3,5 միավոր և բարձրացավ 1-ին հորիզոնական:

Այսօր հաղթանակներ տարան գործող չեմպիոն Սամվել Տեր-Սահակյանը, Մամիկոն Ղարիբյանը, Շանթ Սարգսյանն ու Տիգրան Հարությունյանը: Վերջինս վաստակած 3 միավորով հավասարվեց Արման Փաշիկյանին: Նրանցից կեսական միավոր քիչ ունեն Սամվել Տեր-Սահակյանն ու Մանուէլ Պետրոսյանը: 

Վաղը կայանալիք 5-րդ տուրում միանձնյա առաջատար Հովհաննես Գաբուզյանը սևերով կխաղա Մամիկոն Ղարիբյանի հետ: Արման Փաշիկյանը սպիտակներով կմրցի իր հետ հավասար ընթացող Տիգրան Հարությունյանի հետ:

Կանանց մրցաշարի երկու առաջատարներից մեկը՝ գործող չեմպիոն Մարիա Գևորգյանը, սպիտակներով անսպասելի պարտվեց ՖԻԴԵ-ի վարպետ Մարիամ Մկրտչյանին: Իսկ ահա մյուս առաջատար Սուսաննա Գաբոյանը սևերով հաղթեց մրցաշարի ետնապահ Արփինե Գրիգորյանին, վաստակեց 3,5 միավոր և դարձավ միանձյա առաջատար: Նրան հաջորդում է Մարիամ Ավետիսյանը, որը այս տուրում պարտության մատնեց Աննա Խաչատրյանին և վաստակած միավորների քանակը հասցրեց 3-ի: Վաղը կայանալիք 5-րդ տուրում Սուսաննա Գաբոյանը կհանդիպի Մարիա Գևորգյանի հետ: