ԳՇ պետի նոր թեկնածու արդեն ունենք․ Արմեն Խաչատրյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՆախագահի կողմից Սահմանադրական դատարան դիմելը և Օնիկ Գասպարյանի լիազորութունների դադարեցումն առանձին գործընթացներ են։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը։
Նրա խոսքով՝ օրենքի սահմանադրականությունը ստուգելու հարցը չի կասեցնում ԳՇ պետի պաշտոնակությունը․
«Վարչապետի միջնորդության սահմանդրականությունը ոչ մեկ չի կարող ստուգել»։
Իմքայլական պատգամավորը հայտնեց, որ ԳՇ պետի նոր թեկնածու կա․ թե ով է, չմանրամասնեց․
«Այսօր գուցե այդ հարցը կլուծվի»։
Ինչ վերաբերում է երկրում ստեղծված իրավիճակին, Խաչատրյանն ասում է՝ ընդդիմության նկատմամբ հարկադրանքի միջոցներ չկիրառելու որոշումը հենց քաղաքական իշխանության որոշումն է․
«Եթե դա թողնվեր իրավապահ մարմիններին, վստահ եղեք, որ իրավապահ մարմինները վաղուց արդեն կիրառել էին ավելի կոշտ միջոցներ, և Դեմիրճյան փողոցում որևէ մեկը չէր հայտնվի»,-նշեց Խաչատրյանը և հավելեց, որ եթե որոշակի մարդկանց կողմից խաթարվեն ՀՀ կարևորագույն օբյեկտների, այդ թվում՝ ԱԺ-ի աշխատանքները, պետությունը պարտավոր է միջոցներ ձեռնարկել, որպեսզի պետական հիմնարկները, հատկապես՝ ԱԺ-ն, իր բնականոն աշխատանքներն ապահովի։
Հիշեցնենք՝ ընդդիմությունը փակել է ԱԺ երկու մուտքերը, բաց է միայն տնտեսական մուտքը։