Միսլավ Օրշիչը «ծնկի բերեց» «Տոտենհեմին», իսկ Պոլ Պոգբան՝ «Միլանին». Եվրոպայի լիգա
Աջակցիր «Ա1+»-ինՖուտբոլի Եվրոպայի լիգայում կայացել են 1/8 եզրափակիչ փուլի պատասխան խաղերը:
Առաջին խաղում պարտություն կրած թիմերից ռևանշի հասավ միայն Զագերբի «Դինամոն»: Խորվաթական թիմը պատասխան խաղում լրացուցիչ ժամանակում 3:0 հաշվով ջախջախեց Ժոզե Մոուրինյոյի գլխավորած «Տոտենհեմին» և հաղթեց ընդհանուր 3:2 հաշվով:
Դինամոյականների կազմում բոլոր երեք գոլերն էլ հեղինակեց Միսլավ Օրշիչը: Նա դարձավ երկրորդ ֆուտբոլիստը, ով երեք գոլ խփեց պորտուգալացի մասնագետի ղեկավարած թիմին: Առաջինը նման արդյունավետության հասել էր լեհ հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին:
Անակնկալ մատուցեց նաև Չեխիայի չեմպիոն Պրահայի «Սլավիան», որը հյուրընկալվելիս 2:0 հաշվով հաղթեց Շոտլանդիայի նորընծա չեմպիոն «Ռեյնջերսին» և մտավ քառորդ եզրափակիչ: Առաջին խաղը Չեխիայում ավարտվել էր ոչ-ոքի՝ 1:1:
Մեծ հետաքրքրությամբ էր սպասվում «Միլան» - «Մանչեսթեր Յունայթեդ» դիմակայությունը: Անգլիայում կայացած առաջին խաղն ավարտվել էր ոչ-ոքի՝ 1:1: Իտալիայում ավելի ուժեղ գտնվեցին մանչեսթրցիները, որոնք հաղթեցին 1:0 նվազագույն հաշվով: Միակ գոլը 49-րդ րոպեին խփեց փոխարինման մտած Պոլ Պոգբան, որին վերջին ժամանակներում շատ են քննադատում «Յունայթեդի» երկրպագուները:
Հունաստանի չեմպիոն «Օլիմպիակոսը» հյուրընկալվելիս չնայած 1:0 հաշվով հաղթեց Լոնդոնի «Արսենալին», սակայն առաջին խաղում կրած խոշոր պարտության պատճառով (1:3) դուրս մնաց մրցաշարից:
Տնային հաղթանակը չօգնեց նաև Նորվեգիայի չեմպիոն «Մյոլդեին», որը չնայած 2:1 հաշվով առավելության հասավ «Գրանադայի» նկատմամբ, բայց ավարտեց ելույթները, քանի որ մեկ շաբաթ առաջ Իսպանիայում պարտվել էր 0:2 հաշվով:
Բոլորից անհաջող հանդես եկան Ուկրաինական թիմերը՝ Կիևի «Դինամոն», Դոնեցկի «Շախտյորը», և շվեյցարական «Յանգ Բոյզը», որոնք երկրորդ խաղում դարձյալ պարտվեցին համապատասխանաբար իսպանական «Վիլյարռեալին» (0:2), իտալական «Ռոմային» (1:2) և նիդեռլանդական «Այաքսին» (0:2):
Այդպիսով, Եվրոպայի լիգայի 1/8 եզրափակիչ խաղերից հետո եվրոգավաթներում իրենց վերջին ներկայացուցիչները կորցրին այնպիսի երկրներ, ինչպիսիք են Ուկրաինան, Շոտլանդիան, Շվեյցարիան, Նորվեգիան և Հունաստանը:
Քառորդ եզրափակիչ փուլի վիճակահանությունը տեղի կունենա այսօր, կույր եղանակով: Դա նշանակում է, որ Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանի թիմին՝ «Ռոմային», հնարավոր է մրցակից բաժին հասնի հայ ֆուտբոլիստի նախկին ակումբներից մեկը՝ «Մանչեսթեր Յունայթեդը» կամ Լոնդոնի «Արսենալը»: