A
A
Հայ ըմբիշներին ծագող աստղեր են համարել (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԲուդապեշտում նախորդ շաբաթվա հաջող ելույթներից հետո Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի մարզիչներն ու մարզիկները ամփոփիչ գնահատականներ են տալիս։
Ազատ ոճի հայ ըմբիշներ Արսեն Հարությունյանը (57 կգ) և Վազգեն Թևանյանը (65 կգ) Բուդապեշտում Տոկիոյում կայանալիք Օլիմպիական խաղերի ուղեգիր են նվաճել:
«Տղաները շատ լավ ելույթ ունեցան և հաղթեցին ու հայտ ներկայացրին Օլիմպիական խաղերի մեդալ հաղթելու համար: Մենք դեռ մայիսին էլ մեկ մրցաշար ունենք, և մյուս տղաները նույնպես ուղեգիր նվաճելու հնարավորություն ունեն», - ասաց Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանը:
Նրա խոսքով` մենք ևս 3 կիլոգրամ քաշային կարգում ուղեգիր նվաճելու հնարավորություն և սպասելիքներ ունենք:
Հավաքականի մարզիչ Էդգար Ենոքյանը նշեց, որ մեր մարզիկների ելույթներից հետո ամբողջ դահլիճը նրանց մասին էր խոսում, թե որտեղից են եկել այս տղաները: Ելույթներն այնքան տպավորիչ էին, որ անգամ ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան էր առանձին նյութերով անդրադարձել նրանց` ներկայացնելով որպես ծագող աստղեր.
«Համավարակից, պատերազմից հետո տղաները քրտնաջան աշխատել են, ու դա նպաստեց մեր հաղթանակին: Մրցելույթներ չեն եղել, բայց տղաները աշխատել են ու հավաքները շարունակվել են: Օլիմպիական խաղերին մասնակցելու ցանկությունն էլ մեծ դեր ուներ», - ասաց նա:
Ըմբիշ Արսեն Հարությունյանն ասաց, որ սպասում էր իր հաղթանակին, քանի որ երկար ճանապարհ էին անցել ու շատ էին մարզվել, մարզիչները նաև հոգեբանորեն էին իրենց հետ աշխատել. «Մեր բուն նպատակը Օլիմպիական խաղերին մասնակցելն էր ու սա մեծ քայլ էր դրա համար: Մենք ամեն ինչ կանենք` այնտեղ էլ լավ ներկայանալու համար: Ես իմ մեջ մտածում եմ, որ նաև Օլիմպիական խաղերին իմ աստղը կփայլի», - ասաց նա:
Վազգեն Թևանյանը եզրափակչում հաղթել էր ադրբեջանցի ըմբիշին. «Գոտեմարտից մեկ օր առաջ ավելի լարված վիճակ էր, իսկ հաջորդ օրը կարողացա հանել լարվածությունը ու նրա հանդեպ տրամադրվել որպես ուղղակի մրցակցի, ոչ թե ադրբեջանցու կամ թշնամու», - ասաց Վազգենը:
Նրա խոսքով` իր հանգստությունը գալիս է վստահությունից, վստահությունն էլ լավ աշխատանքից ու լավ մարզված, պատրաստված լինելուց:
Մինչ Օլիմպիական խաղերը հայ ըմբիշները Եվրոպայի առաջնությանն են մասնակցելու` ապրիլի 17-25, դրանից հետո` մայիսի 6-9, Օլիմպիական խաղերին մասնակցելու վարկանշային վերջին մրցաշարն է: