Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Վրաստանի հետ ճանապարհները բացելու հարցն օրակարգում է. Այվազյան (տեսանյութ)

Պատգամավորի հարցը ԱԳ նախարարին

Սարգիս Ալեքսանյան. Հարգելի կառավարություն, Վրաստանի Հանրապետության հետ ցամաքային սահմանների բացման, առևտրաշրջանառության ավելացման հետ կապված ի՞նչ քայլեր եք ձեռնարկում։ Գիտեմ, որ բեռնափոխադրումներ իրականացվում են, բայց մարդատար մեքենաների և մարդկանց հոսքերը խիստ կրճատվել են կորոնավիրուսի հետ կապված։ Արդյո՞ք որոշակի մեղմացումներ ակնկալվում են, թե ոչ։ Այս խնդիրը հուզում է առավել շատ Բագրատաշենի հարակից շրջանների բնակիչներին, Տավուշի մարզի (Նոյեմբերյան, Այրում), Լոռու մարզի (Ալավերդի) բնակչությանը։

Արա Այվազյան. Շնորհակալություն հարցի համար։ Ուզում եմ Ձեզ տեղեկացնել, որ մենք շատ ակտիվ շփումներ ենք ունենում վրացական կողմի հետ։ Անցած շաբաթ տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ փոխարտգործնախարարների մակարդակով, և քննարկվել է երկկողմ օրակարգի լայն շրջանակ, ներառյալ՝ այն հարցը, որ Դուք բարձրացրել եք։ Երկու կողմն էլ դրական են տրամադրված այս հարցի լուծմանը։ Համավարակը, բնականաբար, իր բացասական ներազդեցությունն ունի, բայց նաև առկախ են որոշ տեխնիկական խնդիրներ, որոնք վստահ եմ՝ արագ լուծման են ենթակա։

Սարգիս Ալեքսանյան. Շնորհակալ եմ, պարոն նախարար: Իսկապես, խիստ կարևոր է այդ շրջանի բնակչության համար, քանի որ նրանց հիմնական մասը առևտրով էր զբաղվում և հիմա զրկված է եկամուտ ստանալու այդ հնարավորությունից: Շնորհակալություն: 

Արա Այվազյան. Կասկած չկա, և վստահ եղեք, որ դա մեր օրակարգային հարցերից է. մենք զբաղվում ենք այդ հարցով։ Հուսով եմ՝ շուտով լուծում կգտնենք։