Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Սպորտ

Ռուսաստանը միանձյա առաջատար է, իսկ մյուս խմբերում առայժմ երկիշխանություն է. ԱԱ-2022

2022թ ֆուտբոլի աշխարհի առաջնության եվրոպական գոտում կայացան ընտրական փուլի 2-րդ տուրի առաջին հանդիպումները:

Ընտրական A խմբում հաղթանակով մեկնարկած Պորտուգալիան Բելգրադում ոչ-ոքի՝ 2:2 խաղաց Սերբիայի ընտրանու հետ, թեև առաջին խաղակեսից հետո առջևում էր 2:0 հաշվով: Երկու թիմերը վաստակեցին 4-ական միավոր և միասին գլխավորեցին մրցաշարային աղյուսակը: Նրանց հաջորդում է Լյուքսեմբուրգի հավաքականը, որը մեկնարկային խաղում հյուրընկալվելիս 1:0 հաշվով անսպասելի հաղթեց Իռլանդիայի ազգային թիմին:

E խմբի երկու առաջատարները՝ Չեխիան ու Բելգիան, նույնպես հանդիպեցին իրար հետ: Պրահայում կայացած խաղն ավարտվեց ոչ-ոքի՝ 1:1: Բելգիացիների հարձակվող Ռոմելու Լուկակուն հավաքականի կազմում անցկացրած վերջին 16 խաղերում խփեց իր թվով 19-րդ գոլը:

Այս խմբում երրորդ տեղ բարձրացավ Բելառուսի ընտրանին, որը սեփական դաշտում 4:2 հաշվով կամային հաղթանակ տարավ Էստոնիայի նկատմամբ, որը կորոնավիրուսի պատճառով հանդես եկավ ոչ հիմնական կազմով:

G խմբում մրցաշարային աղյուսակը 6-ական միավորով սկսեցին գլխավորել Թուրքիայի և Չեռնոգորիայի հավաքականները: Թուրք ֆուտբոլիստները հյուրընկալվելիս 3:0 հաշվով ջախջախեցին Նորվեգիային, իսկ չեռնոգորցիները սեփական դաշտում վստահ հաղթեցին Ջիբրալթարին՝ 4:1: Նրանց հաջոդում են Նիդեռլանդների և Նորվեգիայի հավաքականները, որոնք ունեն 3-ական միավոր: «Նարնջագույնները», որոնք առաջին տուրում անսպասելի պարտվել էին Թուրքիային 2:4, այս տուրում վստահ հաղթեցին Լատվիային սեփական դաշտում՝ 2:0: Նիդեռլանդների հավաքականը աշխարհի առաջնության ընտրական փուլերում խփեց 300-րդ գոլը, ինչը ռեկորդ է համարվում եվրոպական գոտում:

H խումբը միանձյա սկսեց գլխավորել Ռուսաստանի հավաքականը, որը Սոչիում 2:1 հաշվով պարտության մատնեց Սլովենիային և տարաբ երկրորդ անընդմեջ հաղթանակը: Նրան հաջորդում են նույն Սլովենիան ու Խորվաթիան, որոնք ունեն 3-ական միավոր: Մեկնարկային խաղում սլովեններից պարտությյուն կրած խորվաթներն այս անգամ 1:0 հաշվով հաղթեցին Կիպրոսի հավաքականին:

Այսօր կկայանան 2-րդ տուրի մնացած հանդիպումները: Հայաստանի հավաքականը սեփական դաշտում կընդունի Իսլանդիայի ազգային թիմին: Կենտրոնական են համարվում Ռումինիա – Գերմանիա, Ալբանիա – Անգլիա հանդիպումները, քանի որ այդ թիմերը առաջին տուրից հետո գլխավորում են իրենց խմբերը: