Ներկայումս փաստացի բուժում է ստանում պատերազմի հետևանքով վիրավորված շուրջ 1500 զինծառայող
Աջակցիր «Ա1+»-ինԱրցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում հոսպիտալներում և հիվանդանոցնում զինծառայողների, ոստիկանների, ԱԱԾ սահմանափահ զորքերի, կամավորների շրջանում եղել է մինչև 11 հազար վիրավոր և հիվանդ։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, մարտի 28-ին լրագրողների հետ զրույցում այս մասին հայտնեց ՀՀ ԶՈւ ռազմաբժշկական վարչության պետի տեղակալ, պլանավորման բաժնի պետ, գնդապետ Գեղամ Փաշիկյանը՝ ամփոփելով ռազմաբժշկական վարչության կատարված աշխատանքը պատերազմի ընթացքում։ Գնդապետ Փաշիկյանը ընդգծեց, որ պատերազմի օրերին մեծ ծանրաբերվածությամբ է աշխատել բժշկական անձնակազմը։
«55 տոկոսը ունեցել են թեթև վիրավորվումներ, 35 տոկոսը՝ միջին ծանրության վիրավորումներ, 7 տոկոսը՝ ծանր վիրավորումներ, 2 տոկոսը՝ ծայրահեղ ծանր վիրավորումներ»,- ասաց Փաշիկյանը։
ՀՀ ԶՈւ ռազմաբժշկական վարչության պետ, գնդապետ Սահակ Օհանյանն իր հերթին նշեց, որ ներկայումս փաստացի բուժում է ստանում շուրջ 1500 զինծառայող, նրանք գտնվում են վերականգնողական արձակուրդում։
«Ներկայումս ունենք 885 արդեն իսկ առաջին, երկրորդ և երրորդ կարգի հաշմանդամներ։ Առաջին և երկրորդ կարգի հաշմանդամները օգտվում են զինծառայողների ապահովագրության հիմնադրամի աջակցությունից»,- պարզաբանեց Օհանյանը։
Նա նաև նշեց, որ արցախյան 44-օրյա պատերազմի մինչև 22-23-րդ օրը զինծառայողների շրջանում եղել են միայն բեկորային վիրավորումներ։
«Դա խոսում է այն մասին, որ հակառակորդը կիրառում էր անօդաչու թռչող սարքեր, հեռահար հրետանային միջոցները։ Պատերազմի երրորդ շաբաթից հետո զինծառայողների շրջանում ունեցանք առաջին գնդակային վիրավորումները, երբ հակառակորդի զորքերը մոտեցան և անմիջական կոնտակտ եղավ»,- ընդգծեց ՀՀ ԶՈւ ռազմաբժշկական վարչության պետը։
Օհանյանի նշեց, որ ռազմաբժշկական վարչությունը բավականին լուրջ վերլուծություն է պատերազմի արդյունքները։ Ըստ նրա՝ հակառակորդն իր առաջ խնդիր էր դրել մոտակա առաջադրանքը լուծելու՝ կիրառելով դիմակայող ուժերի նկատմամբ մաքսիմալ խոցման միջոցներ։
Ըստ նրա՝ Զինված ուժերի զինծառայողների, Պաշտպանության նախարարության ու Գլխավոր շտաբի անձնակազմի ծառայողների շրջանից բուժում է ստանում կորոնավիրուսով վարակված 150 հիվանդ։
Արցախյան 44-օրյա պատերազմում վիրավորված զինծառայողների շրջանում ներհոսպիտալային մահացության ցուցանիշը կազմել է 1 տոկոս, ինչը միջազգային վիճակագրական տվյալներից 5 անգամ ցածր է։