ՖԻՖԱ-ն ու ՈՒԵՖԱ-ն պարզապես «սպանում» են ֆուտբոլիստներին. Խոսեպ Գվարդիոլա
Աջակցիր «Ա1+»-ինԱնգլիական «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան դժգոհել է մրցաշրջան-2020-21-ի խաղացանկից:
«Ֆուտբոլիստները մարդիկ են, ոչ թե մեքենաներ: Գիտեմ, որ նրանցից շատերը հիասթափվում են, երբ չեն ընդգրկվում խաղերին, բայց դա անհնար է: Իհարկե, նրանք կարող են խաղալ, բայց ամեն մարդուն հանգիստ է պետք: ՖԻՖԱ-ն ու ՈՒԵՖԱ-ն պարզապես «սպանում» են ֆուտբոլիստներին, որովհետև խաղացանկը շատ հագեցած է: Մենք ոչ մի ազատ շաբաթ չենք ունեցել, ինչ մեկնարկել է մրցաշրջանը: Ոչ մի: Չկա մի այնպիսի խաղացող, որ կարողանա ֆիզիկապես և հոգեպես դիմանալ նման ծանրաբեռնվածության: Դա հնարավոր չէ», - իսպանացի մասնագետի խոսքերը մեջբերում է Goal կայքը:
Հավելենք, որ ՖԻՖԱ-ի և ՈՒԵՖԱ-ի կազմած խաղացանկով եվրոպական երկրների հավաքականները վերջերս իրար ետևից երեքական խաղ են անցկացրել աշխարհի 2022թ առաջնության ընտրական փուլում: Առաջիկայում տեղի են ունենալու չեմպիոնների լիգայի և Եվրոպայի լիգայի քառորդ եզրափակիչ խաղերը: Դրանց ավելանում են նաև գավաթի ազգային խաղարկությունների հանդիպումները:
Մասնավորապես, «Մանչեսթեր Սիթին» առաջիկա 21 օրում պետք է անցկացնի 6 հանդիպում: Թիմը եթե մտնի չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ, ապա ստիպված կլինի ապրիլի վերջին խաղադաշտ դուրս գալ նաև 7-րդ անգամ: