Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+chess
A A
Սպորտ

Հայաստանի շախմատիստները կմրցեն Թուրքիայի ներկայացուցիչների հետ. Աշխարհի գավաթ

Հայաստանի յոթ շախմատիստ շարունակում է պայքարը առցանց անցկացվող շախմատի Աշխարհի գավաթի Եվրոպայի ընտրական մրցաշարում: Երեկ կայացել են նախնական 2-րդ փուլի երկրորդ հանդիպումները և թայ-բրեյքները: Հայաստանի 9 պատվիրակներից յոթը հաջողությամբ լուծեցին իրենց առջև դրած խնդիրը: Հովհաննես Գաբուզյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Մանուէլ Պետրոսյանը և Շանթ Սարգսյանը հաղթեցին դասական երկու պարտիաներից հետո: Հայկ Մարտիրոսյանը մրցակցին պարտության մատնեց թայ բրեյքում, իսկ Սերգեյ Մովսեսյանը` «Արմագեդոնում»:

Գրոսմայստեր Տիգրան Հարությունյանը և ՖԻԴԵ-ի վարպետ Արմեն Բարսեղյանը պարտություն կրեցին և դուրս մնացին պայքարից: Այսօր տեղի կունենան վերջին` 3-րդ փուլի առաջին հանդիպումները: Մեր շախմատիստներից երկուսը կհանդիպեն իրար հետ, ինչը նշանակում է, որ Հայաստանն արդեն ապահովել է Աշխարհի գավաթի մեկ ուղեգիր:

Իսկ ահա մեր մնացած 5 մրցակիցներից երկուս ներկայացնում են Թուրքիան: Ահա մեր շախմատիստների հանդիպումները. Սերգեյ Մովսեսյան - Ռասմուս Սվանե (Գերմանիա)

Վահապ Սանալ (Թուրքիա) - Հովհաննես Գաբուզյան

Սամվել Տեր-Սահակյան – Եվգենի Ալեքսեև (Ռուսաստան)

Հայկ Մարտիրոսյան - Մանուէլ Պետրոսյան

Ռոբերտ Հովհաննիսյան – Մուսթաֆա Յիլմազ (Թուրքիա)

Յուրի Կուզուբով (Ուկրաինա) - Շանթ Սարգսյան

Հիշեցնենք, որ մրցաշարն անցկացվում է նոկաուտ համակարգով: Երրորդ փուլը հաղթահարած 36 շախմատիստները կնվաճեն աշխարհի գավաթի խաղարկության ուղեգրեր: