Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+hajastan futbol
A A
Սպորտ

Հայկական ֆուտբոլն այսօր կունենա նոր չեմպիոն

Այսօր տեղի կունենա VBET Հայաստանի ֆուտբոլի Պրեմիեր լիգայի վերջին՝ 25-րդ տուրը։ Նախատեսված չորս հանդիպումներից առավել սկզբունքային նշանակություն ունի «Ալաշկերտ» - «Արարատ-Արմենիա» հանդիպումը։

Հայաստանի չեմպիոն հռչակվելու համար տանտերերին նվազագույնը հարկավոր է ոչ-ոքի խաղալ։ Բանն այն է, որ եթե նրան հետապնդող «Նոան» հաղթի «Վանին» և հավասարվի միավորներով, առաջնության նոր մրցակարգով առաջին տեղը կզբաղեցնի անձնական խաղերում լավագույն արդյունք ունեցող թիմը։ Այդ առումով «Ալաշկերտը» առավելություն ունի «Նոայի» նկատմամբ։

Իսկ ահա «Արարատ-Արմենիան» պետք է անպայման հաղթանակ տանի, որպեսզի անկախ մնացած հանդիպումներից՝ մրցանակային տեղ զբաղեցնի և նվաճի եվրոպական գավաթի ուղեգիր։ «Նոան» Հայաստանի չեմպիոն կհռչակվի այն դեպքում, երբ «Ալաշկերտը» պարտություն կկրի «Արարատ-Արմենիայից», իսկ ինքը հաղթանակ կտանի։

Մրցանակային տեղերի համար պայքարում են նաև «Ուրարտուն» և «Արարատը»։ Առաջինը մեդալակիր կարող է դառնալ «Փյունիկին» հաղթելու և «Արարատ-Արմենիայի» սայթաքելու դեպքում։ Իսկ ահա «Արարատը» մրցանակային 3-րդ տեղ կարող է զբաղեցնել միայն այն դեպքում, երբ «Ուրարտուն» ու «Արարատ-Արմենիան» միավորներ կկորցնեն, իսկ ինքը պարտության կմատնի մրցաշարի ետնապահ «Շիրակին»։

Այնպես որ, առաջնության բոլոր խաղերն էլ մեծ նշանակություն ունեն մարզական առումով։ VBET Հայաստանի ֆուտբոլի Պրեմիեր լիգայի վերջին՝ 25-րդ տուրի խաղերը կմեկնարկեն ժամը 17։30-ին։