Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+evro 18.06.
A A
Սպորտ

Եվրո-2020, 8-րդ օր․ բրիտանական դերբի, հանդիպումներ առաջատարների և ետնապահների միջև

Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության մրցումային 8-րդ օրը տեղի կունենա սկզբունքային երեք հանդիպում։ Նախ Շվեդիայի հավաքականը Սանկտ Պետերբուրգում կհանդիպի Սլովակիայի հետ։ Շվեդներն առաջին տուրում ոչ-ոքի են խաղացել Իսպանիայի հետ, իսկ սլովակները հաղթել են Լեհաստանին։ Դա նշանակում է, որ Սլովակիայի հավաքականը հաղթելու դեպքում կնվաճի փլեյ-օֆֆի առաջին ուղեգիրը E խմբում։

Նախկինում երկու երկրների հավաքականները հանդիպել են 5 անգամ։ Երեք խաղում հաղթել են շվեդները, իսկ երկու հանդիպում ավարտվել է ոչ-ոքի։ Օրվա երկրորդ խաղում միմյանց հետ կհանդիպեն D խմբում հանդես եկող Խորվաթիայի և Չեխիայի ընտրանիները։ Խորվաթները մեկնարկային խաղում պարտվել են անգլիացիներին, իսկ չեխերը հյուրընկալվելիս հաղթել են շոտլանդացիներին։ Խորվաթիայի ընտրանին այլևս նահանջելու տեղ չունի, իսկ ահա Չեխիայի հավաքականին մեկ հաղթանակ է բաժանում փլեյ-օֆֆից։ Սակայն խորվաթների դեմ նախկինում անցկացրած երեք խաղերում չեխերը դեռևս հաղթանակ չեն տարել՝ մեկ ոչ-ոքի, երկու՝ պարտություն։

Այսօրվա խաղային ծրագիրը կեզրափակեն Անգլիայի և Շոտլանդիայի հավաքականները։ Բրիտանիայի հերթական դերբին կկայանա Լոնդոնի «Ուեմբլի» մարզադաշտում։ Թիմերի միջև կայացած վերջին 15 խաղերում գրանցվել է ընդամենը մեկ ոչ-ոքի, մնացած դեպքերում հաղթել է կողմերից մեկը։ Այդ խաղերում անգլիացիներն ավելի հաճախակի են առավելության հասել շոտլանդացիների նկատմամբ՝ 10-ը ընդդեմ 4-ի։ Անգլիայի հավաքականը սեփական դաշտում Շոտլանդիային վերջին անգամ պարտվել է 22 տարի առաջ, 1999 թվականին։ Նշենք, որ անգլիացիները հաղթելու դեպքում կապահովեն իրենց տեղը փլեյ-օֆֆում, իսկ շոտլանդացիները միավորներով կհավասարվեն հենց իրենց անմիջական մրցակցին։ Խաղերը կսկսեն ժամը 17-ին, 20-ին և 23-ին։