Բացել լրահոսը Փակել լրահոսը
IMG_7998
A A
Տնտեսություն

Իրանը Հայաստանին բարձր տեխնոլոգիական կենտրոններ հիմնելու առաջարկ է արել

ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը հունիսի 29-ին ընդունել է ԻԻՀ Նախագահի գիտության և տեխնոլոգիայի հարցերով փոխնախագահ, քաղաքականության և զարգացման գծով տեղակալ Մեհդի Էլիասիի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էին նաև ԻԻՀ տեղեկատվական տեխնոլոգիաների և կապի նախարարի տեղակալ և տեղեկատվական տեխնոլոգիաների կազմակերպության նախագահ Ամիր Նազեմի Աշանին, ԻԻՀ խորհրդարանի պատգամավորներ, իրանական մի շարք խոշոր ընկերությունների ներկայացուցիչներ։ Այս մասին հայտնում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։

Պատվիրակությունը Հայաստան է ժամանել հայ-իրանական գործարար համաժողովին մասնակցելու նպատակով։ Հանդիպմանը ներկա է եղել նաև ԻԻՀ փոխդեսպան Ալի Մոհամմադ Մոթաղին։ Ողջունելով հանդիպման մասնակիցներին՝ Վահան Քերոբյանը նշել է․ «Հայ-իրանական օրակարգը մեր առաջնահերթություններից է։ Երկկողմ համագործակցությունն ավելի արդյունավետ դարձնելու համար կարևոր է տրամաբանական ավարտի հասցնել և իրականացնել մեր բոլոր համատեղ նախատեսված ծրագրերը»։

Հանդիպման սկզբում պատվիրակության անդամները նշել են, որ համաժողովի ընթացքում իրանական ընկերությունները մեծ հետաքրքրվածություն են ցուցաբերել հայկական կողմի հետ տնտեսության տարբեր ուղղություններով, այդ թվում՝ արդյունաբերության, շինարարության, գյուղատնտեսության, սննդի, տեքստիլի, դեղագործության և բժշկական սարքավորումների արտադրության ոլորտներում արդյունավետ համագործակցություն ծավալելու հարցում: Այնուհետև պատվիրակության ղեկավար Մեհդի Էլիասին, ամփոփելով համաժողովի ընթացքում քննարկված հարցերը, ներկայացրել է իրանական կողմի մի շարք առաջարկներ։

Տեղեկացնելով, որ իրանական կողմն ունի տարբեր երկրներում բարձր տեխնոլոգիական կենտրոնների ստեղծման հարուստ փորձ՝ նա առաջարկել է Հայաստանում հիմնել նմանատիպ կենտրոն, որտեղ կկազմակերպվեն երկկողմ B2B հանդիպումներ և կանցկացվեն ոլորտին առնչվող քննարկումներ։

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև «Մեղրի» և «Արաս» ազատ տնտեսական գոտիների շրջանակում երկկողմ համագործակցությանը։ Նկատի ունենալով Հայաստանի անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը՝ կողմերը քննարկել են տնտեսության տարբեր ճյուղերում համատեղ արտադրությունների կազմակերպման և պատրաստի արտադրանքը դեպի ԵԱՏՄ և այլ երկրներ արտահանելու հնարավորությունները։

Իրանական կողմը նաև պատրաստակամություն է հայտնել համագործակցել Հայաստանի բժշկական հաստատությունները իրանական սարքավորումներով վերազինելու ուղղությամբ։ Քննարկվել են նաև դեղագործության ոլորտում համագործակցության հեռանկարները։ Պատվիրակության անդամներն առաջարկել են ուսումնասիրել համատեղ ջանքերով «խելացի» քաղաքի ստեղծման հնարավորությունները։ Տնտեսության ոլորտում հայ-իրանական փոխգործակցության շրջանակում աշնանը նախատեսվում է Իրանում անցկացնել գործարար համաժողով, որի ընթացքում կքննարկվի հայ-իրանական տնտեսական համագործակցությանը վերաբերող խնդիրների լայն շրջանակ։