Դանիան հաղթեց Չեխիային և կիսաեզրափակիչ փուլի ուղեգիր նվաճեց. Եվրո-2020
Աջակցիր «Ա1+»-ինԵվրո-2020-ի քառորդ եզրափակիչ փուլի խաղում Դանիայի հավաքականը հաղթեց Չեխիայի ընտրանուն: Բաքվում կայացած հանդիպումն ավարտվեց 2:1 հաշվով:
Դանիայի հավաքականի կիսապաշտպան Թոմաս Դելանին արդեն 5-րդ րոպեին բացեց հաշիվը: 42-րդ րոպեին դանիացիների հարձակվող Կասպեր Դոլբերգը եզրային փոխանցումից հետո երկրորդ գնդակն ուղարկեց մրցակցի դարպասը:
Երկրորդ խաղակեսի չորրորդ րոպեին արդեն աչքի ընկավ չեխերի հարձակվող Պատրիկ Շիկը, որը հաշվենկատ հարվածով խփեց իր թվով 5-րդ գոլը առաջնությունում և հավասարվեց մրցաշարի լավագույն ռմբարկու Քրիշտիանու Ռոնալդուին: Ավաղ, նա նույնպես ավարտեց ելույթները, ինչպես պորտուգալացիների ավագը, քանի որ իր թիմը մնացած ժամանակում չկարողացավ գոլ խփել և վերականգնել հավասարությունը:
Կիսաեզրափակիչ փուլում Դանիայի հավաքականը կհանդիպի այսօր կայանալիք Անգլիա – Ուկրաինա խաղի հաղթողի հետ: