Նորից աշխատավարձ էին ուզում (տեսանյութ)
«Նաիրիտ» գործարանի աշխատակիցները այսօր առավոտյան կրկին բողոքի ակցիա են անցկացրել գործարանի դիմաց: Նրանք հրաժարվել են մտնել գործարան` պահանջելով իրենց 3 ամսվա աշխատավարձերը:
Բողոքի ակցիան դադարեցվել է «Նաիրիտ»-ի տնօրեն Վահան Մելքոնյանի խոստումներից հետո:
Նշենք, որ «Նաիրիտի» աշխատակիցները հրաժարվել են խոսել տեսախցիկի առջեւ` պատճառաբանելով, որ նրանց կհեռացնեն աշխատանքից:
Ինչպես «Ա1+»-ի հետ զրույցում նշեց գործարանի տնօրենը` ֆինանսական խնդիրները այնքան էլ հեշտ չեն լուծվում եւ դա այն ոլորտն է, որտեղ պետք է համբերություն ունենալ:
«Իհարկե մարդկանց պետք է հասկանալ, ամեն ամիս էլեկտրոէներգիայի հաշիվ կա, երեխեքը սեպտեմբերին դպրոց գնացին, չկարողացանք պադերժկա անել»,- ասում է Վահան Մելքոնյանը:
Գործարանի տնօրենը հույս ունի, որ մեկ շաբաթվա ընթացքում աշխատավարձերի հետ կապված հարցերը կկարգավորվեն:
«Նաիրիտ» գործարանը արդեն 7 ամիս է արտադրանք չի տալիս: