«Ալաշկերտը» պարտվեց չեմպիոնների լիգայի 2-րդ փուլի առաջին խաղում
Աջակցիր «Ա1+»-ինՖուտբոլի Հայաստանի չեմպիոն Երևանի «Ալաշկերտը» պարտությունով մեկնարկեց ՈՒԵՖԱ-ի չեմպիոնների լիգայի որակավորման 2-րդ փուլը:
Այսօր կայացած առաջին խաղում մեր թիմը սեփական դաշտում ընդունեց Մոլդովայի չեմպիոն «Շերիֆին»: Առաջին խաղակեսն անցավ հավասար պայքարում և ավարտվեց գոլազուրկ ոչ-ոքիով: Երկրորդում «Ալաշկերտը» ետ քաշվեց և սկսեց խաղալ հակագրոհներով: Ավաղ, մեր ֆուտբոլիստներին չհաջողվեց արդյունավետ հակագրոհ ձեռնարկել:
«Շերիֆը» տիրելով դաշտի կենտրոնին, սկսեց ավելի մեծ ուժերով գրոհել և հարվածային դիրք դուրս գալ: Արդյունքում, հյուրերը մի քանի վտանգավոր պահեր ստեղծեցին, որից մեկն ի վերջո ավարտվեց դարպասի գրավումով: Խաղի 84-րդ րոպեին «Շերիֆի» պաշտպան Լուվանոր Էնրիկեն ազատորեն մոտեցավ ալաշկերտցիների տուգանային հրապարակին և հաշվենկատ հարվածով խփեց հանդիպման միակ գոլը: Մինչ այդ մեր դարպասապահ Դավիթ Յուրչենկոյին օգնության հասավ հորիզոնական դարպասաձողը:
Այդպիսով, «Ալաշկերտն» իր առաջին պարտությունը կրեց չեմպիոնների լիգայի ընթացիկ մրցաշարում, ինչպես նաև գլխավոր մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանի ղեկավարությամբ:
Պատասխան խաղը տեղի կունենա հուլիսի 27-ին, Տիրասպոլում: