Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հարցազրույց Տնտեսություն Հասարակություն Ի դեպ

Հայաստանը կորցրել է 1,5 մլն զբոսաշրջիկ և 1,2 մլրդ դոլար (տեսանյութ)

Կորոնավիրուսի համաճարակից ամենաշատ  տուժած ոլորտներից մեկը զբոսաշրջությունը և հյուրանոցային տնտեսությունն է։ 2020թ․ գարնանից բոլոր երկրները փակեցին սահմանները, և տուրիզմը կանգ առավ ողջ աշխարհում։

Մասնագետների գնահատմամբ, անցած տարի  մոտ 1,5 մլն զբոսաշրջիկ պակաս է եկել Հայաստան՝ եթե 2019թ․ մեր երկիրն ունեցել էր 1 մլն 894 հազար այցելու, ապա 2020թ․՝ ընդամենը՝ 375 հազար այցելու։ Ընդ որում դրա գերակշիռ մասը՝ 364 հազարը բաժին է հասել առաջին եռամսյակին, երբ դեռ սահմանները չէին փակվել։

Պաշտոնական տվյալների համաձայն, յուրաքանչյուր զբոսաշրջիկ Հայաստանում անցկացնում է 5-7 օր և ծախսում է միջինը 850 դոլար։ Այդպիսով, անցած տարի մեր երկիրը սահմանների փակվելու պատճառով, միայն ներգնա տուրիզմի ոլորտում կորցրել է մոտ 1,2 մլրդ դոլար։

Հայաստանի տուրիզմի կոմիտեի գլխավոր քարտուղարի պաշտոնակատարի ներկայացմամբ, մեր երկիր այցելողների միայն մեկ/քառորդն է հանգրվանում հյուրանոցներում և հյուրատներում։ Անգամ դա էլ բավարար էր, որ վերջին տարիներին զարգանար հյուրանոցային տնտեսությունը։ Բայց, անցած տարի, այդ ոլորտը նույնպես կանգնեց մեծ խնդիրների առաջ, քանի որ չուներ այցելուներ։ Հյուրանոցներից շատերը կրճատեցին իրենց աշխատողներին, մի մասին էլ արձակուրդ ուղարկեցին։

Իսկ այս տարի, կարանտինային սահմանափակումների թուլացմանը զուգահեռ, զբոսաշրջությունը սկսեց արթնանալ։ Եվ այսօր արդեն զբոսաշրջիկներ են գալիս մեր երկիր։ Ճիշտ է, չի վերականգնվել 2019թ․ մակարդակը, բայց առաջին կիսամյակում ունեցել ենք 235 հազար այցելու։ Իսկ թե երբ կվերականգնվի այդ մակարդակը, մասնագետներն այս հարցում միակարծիք չեն։

«Տուրիզմի հայկական ասոցիացիայի» նախագահ Մեխակ Ապրեսյանը գտնում է, որ 2022թ․ մենք կգերազանցենք 2019թ․ ցուցանիշը։

«Թուֆենկյան հոսփիթալիթի» ՍՊԸ-ի գլխավոր տնօրեն Հակոբ Հակոբյանն ավելի համեստ կանխատեսում ունի․

«Եթե պատվաստումն իրականացնեն երկրներն ու սահմանները բացեն, հույս ունենք, որ 2022-ին կմոտենանք 2019թ․ ցուցանիշներին»։

Հայաստանի զբոսաշրջության կոմիտեի սպասումները շատ ավելի հոռետեսական են։ «Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպությունը, որն անընդհատ վերլուծություններ է կատարում, գտնում է, որ ոլորտը կվերականգնվի 2023թ․»,- ասում է Մ․Գրիգորյանը։

 

Մանրամասները՝  տեսանյութում