Գնել Սանոսյանն ընդունել է ՀԲ հայաստանյան գրասենյակի նորանշանակ ղեկավարին
Աջակցիր «Ա1+»-ինՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ընդունել է Համաշխարհային բանկի (ՀԲ) Հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրեն Սեբաստիան Մոլինեուսին և ՀԲ հայաստանյան գրասենյակի նորանշանակ ղեկավար Կարոլին Գեգինատին: Այս մասին տեղեկացնում է ՏԿԵ մամուլի ծառայությունը։
Նախարարը ողջունելով հյուրերին՝ շնորհավորել է Կարոլին Գեգինատին նշանակման կապակցությամբ և արդյունավետ համագործակցություն է մաղթել։
ՀԲ տարածաշրջանային տնօրեն Սեբաստիան Մոլինեուսն իր հերթին շնորհավորել է նախարարին պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և կարևորել առաջիկա փոխհամագործակցությունը։
Նախարարը ՀԲ պաշտոնյաներին ներկայացրել է Կառավարության նոր ծրագրով նախատեսված առաջնահերթությունները, հաստատված հիմնական նպատակները, համագործակցության ուղղությունները։ Նախարարը ընդգծել է, որ կառավարությունը շատ հավակնոտ ծրագրեր է իր առջև դրել և պատրաստվում է նաև միջազգային գործընկերների հետ ջանքեր ներդնել դրանք իրականացնելու համար։ Ըստ նախարարի՝ ՀԲ-ի հետ համագործակցությունը շատ բազմաշերտ է, ընթացքում գտնվող շատ ծրագրեր կան, ներկայումս շատ կարևորվում է կենսական նշանակության ճանապարհների ծրագրերը, տարածքային զարգացման ուղղությամբ իրականացվող ծրագրերը, ջրամատակարարման, տուրիզմի ոլորտում իրականացվող ծրագրերը, հյուսիս-հարավ ճանապարհի շինարարությունը։
Կարոլին Գեգինատը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և նշել, որ Համաշխարհային բանկը պատրաստ է աջակցել կառավարությանը` նախատեսվող ծրագրերում՝ հատկապես ջրային ոլորտում, հողերի օգտագործման ոլորտում, զբոսաշրջության և ճանապարհաշինության ոլորտներում։ Կարոլին Գեգինատը կարևորել է հատկապես վերականգնվող էներգետիկայի ոլորտում համագործակցությունը՝ ոլորտը մասնավոր ներդրողների համար ավելի գրավիչ դարձնելու համար։
Զրուցակիցները պայմանավորվածություն են ձեռք բերել առաջիկայում կազմակերպել Հայաստանում Համաշխարհային բանկի կողմից իրականացվող ծրագրերի վերաբերյալ ընդլայնված կազմով առանձին քննարկումներ՝ հստակեցնելու համար հետագա անելիքները: