Բացել լրահոսը Փակել լրահոսը
15112_am_1
A A
Տնտեսություն

Ընդունվել է ԵԱՏՄ անդամ պետությունների պարենային անվտանգությանապահովման մասին որոշում․ Գրիգորյանը մասնակցել է ԵԱՏՀ խորհրդի նիստին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը տեսակապի միջոցով մասնակցել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵԱՏՀ) խորհրդի հերթական նիստին:

Նիստի օրակարգում ընդգրկված էին երեք տասնյակից ավելի հարցեր, որոնք վերաբերում են Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) շրջանակներում ինտեգրացիոն գործընթացների զարգացմանը և անդամ պետությունների միջև առևտրատնտեսական հարաբերությունների խորացմանը:

Նիստի արդյունքներով հավանության է արժանացել «2020 թվականին Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների միջև փոխադարձ առևտրի մասին» զեկույցը: Զեկույցում ներկայացված՝ ԵԱՏՄ անդամ պետությունների միջև փոխադարձ առևտրի ընդհանուր գնահատականի համաձայն՝ 2020 թվականին արտաքին առևտրի ծավալում փոխադարձ առևտրի ծավալի տեսակարար կշիռը աճել է գրեթե բոլոր երկրներում, և Հայաստանի Հանրապետությունում կազմել է 34.2%: Ըստ զեկույցում ներկայացված ԵԱՏՄ անդամ պետությունների փոխադարձ առևտրի ապրանքային կառուցվածքի վերլուծության՝ Հայաստանը էականորեն մեծացրել է կոոպերացիոն ապրանքների առևտրի ծավալները: Զեկույցի շրջանակներում քննարկվել է նաև ցուցանիշները ազգային արժույթով ներկայացնելու հարցը:

Նիստի արդյունքներով ընդունվել է որոշում՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների 2021-2022թթ․գյուղատնտեսական ապրանքների, պարենի, ջութե մանրաթելի, կաշվե հումքի, բամբակի մանրաթելի և բրդի առաջարկի և պահանջարկի հաշվեկշիռների, ագրոարդյունաբերական համալիրի զարգացման համատեղ կանխատեսումների վերաբերյալ։

Համաձայն կանխատեսումների՝ 2022 թվականին 2019 թվականի համեմատ ԵԱՏՄ շրջանակներում գյուղատնտեսական արտադրանքի ծավալը (դոլարային արտահայտությամբ) կաճի 2.1%-ով, փոխադարձ առևտրի աճը կկազմի 15%, երրորդ երկրներ արտահանումը կավելանա 9.3%-ով, ներմուծումը կնվազի 3.0%-ով, որի արդյունքում արտաքին առևտրի բացասական սալդոն կկրճատվի՝ 5.8 մլրդ ԱՄՆ դոլարից դառնալով 2.5 մլրդ ԱՄՆ դոլար։

ԵԱՏՀ խորհրդի անդամները, ի թիվս օրակարգի այլ հարցերի, քննարկել են նաև Եվրասիական տնտեսական միությունում արդյունաբերական կոոպերացիայի ֆինանսավորման հարցը: Որոշվել է մշակել ԵԱՏՄ շրջանակներում ինտեգրացիոն ներուժ ունեցող կոոպերացիոն նախագծերի ֆինանսավորման մեխանիզմները: Նշված գործընթացների իրականացումը թույլ կտա խթանել ԵԱՏՄ շրջանակներում արդյունաբերական արտադրանքի աճը, լուծել անդամ պետությունների կայուն տնտեսական աճի ռազմավարական խնդիրը, ինչպես նաև հիմք կհանդիսանա բարձր ավելացված արժեք ունեցող նորարարական արտադրանքի ստեղծման համար։

Նիստի ընթացքում ընդունվել է նաև որոշում ԵԱՏՄ անդամ պետությունների պարենային անվտանգության ապահովման ընդհանուր սկզբունքների և մոտեցումների վերաբերյալ, ինչը միտված է ԵԱՏՄ անդամ պետությունների սեփական արտադրության գյուղատնտեսական արտադրանքով և պարենով ապահովման մակարդակի բարձրացմանը, պարենային ապրանքների պակասուրդի առաջացման ռիսկերի նվազեցմանը, ինչպես նաև ագրոադյունաբերական համալիրում կիրառվող նյութատեխնիկական ռեսուրսների ներմուծման փոխարինմանը։