Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Բիզնես Տեսանյութեր Հասարակություն

«Գալաքսի» ընկերությունների խումբը նշում է 22-ամյակը (տեսանյութ)

Հայաստանի խոշոր հարկատուներից «Գալաքսի» ընկերությունների խումբը տոնում է իր տարեդարձը։ 22-ամյակի առիթով Օպերայի եւ բալետի թատրոնի հարկի տակ են հավաքվել հոլդինգի կազմում ընդգրկված 15 ընկերությունների աշխատակիցները, որոնց աշխատանքային կյանքն այս ընտանիքում մի քանի ամսից մինչեւ երկու տասնյակ տարի է։

«Այսօրվա խորհուրդն ինձ համար հավաքական ներուժի, կամային արժեքների, սկզբունքների և թիմային հաջողության մասին է, որովհետև չնայած դժվարություններին, մարտահրավերներին, մեզ հաջողվել է ապահովել բիզնեսի շարունակականությունը և թիմերի ամբողջականությունը», - ասաց «Գալաքսի» ընկերությունների խմբի հանրային հարաբերությունների ղեկավար Վահան Դիլանյանը։

Տարեդարձի առիթով «Գալաքսի» ընկերությունների խումբը տալիս է նոր արշավի մեկնարկը, որով աջակցելու են Հայաստանի տնտեսությանը դժվարագույն այս փուլում։

«Զարգացման ծրագրերի միջոցով փորձելու ենք բարելավել մարդկանց կյանքի որակը, այն միջավայրը, որտեղ մենք ապրում ենք։ Իսկ մենք գիտենք, որ թե՛ պատերազմով, և թե՛ կորոնավիրուսով պայմանավորված, ընդհանուր առմամբ, հասարակությունում և նաև տնտեսությունում ունենք բազմաթիվ խնդիրներ», - նշեց «Գալաքսի» ընկերությունների խմբի ԿՍՊ ծրագրերի և գործընկերությունների ղեկավար Արմեն Խաչիկյանը։

Տելեկոմից մինչև ՏՏ, մանրածախ վաճառքից՝ սպասարկում․ սրանք «Գալաքսի» հոլդինգում ընդգրկված ընկերությունների գործունեության ոլորտներն են։

Հայաստանի տնտեսության մեջ «Գալաքսին» ունի 1.2% մասնակցություն։ 2020թ.-ին վճարել են 22 միլիոն դոլար հարկ, տեղական գնումներն էլ կազմել են 36 մլն դոլար։

 «Գալաքսի» ընկերություննների խումբը հաջողակ բիզնեսների ստեղծման յուրահատուկ ինովատիվ հարթակ է, որտեղ նախագծերից ոչ պակաս կարեւորվում է մարդը։ Այն ստեղծվել է 1999թ.-ին Արամ, Գուրգեն և Արտյոմ Խաչատրյանների կողմից՝ 30 հոգանոց թիմով։ Ընտանիքն այսօր արդեն 2500 անդամ ունի, իսկ ընկերությունը հայտնի է իր սոցիալական կորպորտատիվ իմիջով։ Այստեղ է թաքնված նաեւ ընկերության հաջողության բանաձեւը։

«Գալաքսի» ընտանիքը իր տարեդարձը տոնում է յուրահատուկ ձեւաչափով։ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը առաջին անգամ կատարում է բոլոր ժամանակների լավագույն ռոք երգերը՝ դասական մեկնաբանությամբ։ Համերգին հանդես է գալիս նաեւ Հայաստանի ազգային ակադեմիական երգչախումբը։

«Մեզ համար այս համերգն ու այս երեկոն կարեւոր նշանակություն ունեն, որովհետեւ այն ընկալում ենք որպես շնորհակալության ու միավորման երեկո «Գալաքսի» ընկերությունների խմբի գործընկերների ու աշխատակիցների համար», - նշեց «Գալաքսի» ընկերությունների խմբի հաղորդակցության տնօրեն Շուշան Հարությունյանը։