Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Սպորտ

«Շերիֆը» հաղթեց «Ռեալին», «Միլանը» կրկին պարտվեց, Մեսին գոլ խփեց «ՊՍԺ»-ում. ՉԼ

ՈՒԵՖԱ-ի չեմպիոնների լիգայում կայացան 2-րդ տուրի առաջին հանդիպումները:

A խմբում Փարիզի «ՊՍԺ»-ն սեփական դաշտում 2:0 հաշվով վստահ հաղթեց Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիին»` 2:0: Դաշտի տերերի կազմում աչքի ընկավ արգենտինացի Լիոնել Մեսին, որը բացեց իր գոլերի շարքը ֆրանսիական թիմում:

«ՊՍԺ»-ն այս հաղթանակից հետո վաստակեց 4 միավոր և այժմ «Բրյուգեի» հետ կիսում է առաջին երկու տեղերը: Բելգիական թիմը հյուրընկալվելիս 2:1 հաշվով հաղթեց գերմանական «ՌԲ Լայպցիգին»:

B խմբում միանձնյա առաջատար դարձավ անգլիական «Լիվերպուլը», որը հյուրընկալվելիս 5:1 հաշվով ջախջախեց «Պորտուին» և տարավ երկրորդ հաղթանակը: Երկրորդ տեղում Մադրիդի «Աթլետիկոն» է, որը Միլանում 2:1 հաշվով կամային հաղթանակ տոնեց տեղի համանուն թիմի նկատմամբ: Իսպանացիները վաստակեցին 4 միավոր և բարձրացան 2-րդ տեղ: «Միլանն» իր պատմության մեջ առաջին անգամ երկու պարտությունով մեկնարկեց չեմպիոնների լիգայի խմբային փուլը (առաջին խաղում միլանցիները 2:3 հաշվով զիջել էին «Լիվերպուլին»):

C խմբում երկրորդ անընդմեջ հաղթանակը տարան «Այաքսն» ու Դորտմունդի «Բորուսիան»: Նիդեռլանդցի ֆուտբոլիստները սեփական դաշտում երկու անպատասխան գոլ խփեցին թուրքական «Բեշիկթաշին», իսկ գերմանացիները Լիսաբոնի «Սպորտինգի» հետ տնային խաղում բավարարվեցին մեկ գնդակով` 1:0:

D խմբում գրանցվեց այս տուրի ամենամեծ անակնկալը: Մոլդովայի չեմպիոն «Շերիֆը» հյուրընկալվելիս 2:1 հաշվով պարտության մատնեց Մադրիդի թագավորական ակումբին` «Ռեալին»: Հաղթական գոլը 90-րդ րոպեին խփեց լյուքսեմբուրգցի Սեբաստյան Թիլը: Ի դեպ, խաղի մրցավարը չեղարկեց «Շերիֆի» խփած ևս մեկ գոլը:

Այս խմբում աղյուսակը վստահորեն գլխավորում է մոլդովական թիմը, որը արդեն վաստակել է 6 միավոր: «Ռեալն» ունի 3 միավոր, իսկ Միլանի «Ինտերն» ու Դոնեցկի «Շախտյորը»` 1-ական, որոնք այս տուրում գոլազուրկ ոչ-ոքի խաղացին:

Այսօր կկայանան մյուս չորս խմբերի հանդիպումները: