Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Սպորտ Հասարակություն

Երևանում մարզվող մեկ երեխան սպոնսոր է դառնում մարզաբնակ մեկ երեխայի․ Թենի Ավակյան (տեսանյութ)

10-ամյա Լորին շատ է սիրում ֆուտբոլ խաղալ։ Դժվարանում է ասել՝  որտեղից է սերը ծագել։ Ասում է՝ Հայաստանի հավաքականի խաղերը միշտ դիտում է հայրիկի  հետ։ Ուղիղ մեկ տարի է  նա սիրողական ֆուտբոլ է խաղում Play it forward ակումբում։

«Play it Forward»-ը սիրողական ֆուտբոլային ակումբ է  եւ տղաների, և աղջիկների համար։ Մարզիչները որակավորում են ստացել UEFA-ի կողմից։  Նրանք ոչ միայն մարզում  են ,այլեւ զարգացնում այնպիսի հմտություններ, ինչպիսիք են առաջնորդությունը, հավասարությունը, թիմային խաղը և այլն։ Ակումբը բաց է 6-16 տարեկան բոլոր երեխաների համար՝ անկախ սեռից, ֆիզիկական կարողություններից և կազմվածքից։

Երևանում ֆուտբոլ խաղացող մեկ երեխան հավասար է ՀՀ մարզում ֆուտբոլ խաղացող մեկ երեխայի. այս ուղերձն է դրված «Հայ աղջիկների առաջնորդությունը ֆուտբոլում» (GOALS) ՀԿ-ի «Play it Forward» նախաձեռնության հիմքում։

Երևանում ակումբ հաճախող երեխաների վճարած վարձերի օգնությամբ «GOALS»-ի՝ ՀՀ մարզերում գործող ակումբներում երեխաները մարզվում են անվճար՝ հնարավորություն ունենալով զբաղվել սիրելի մարզաձևով։

Այժմ ՀՀ 8 մարզերում գործում են 80 ակումբներ, որոնցում ներգրավված են ոչ միայն շուրջ 1000 մարզաբնակ, այլև 44-օրյա պատերազմի արդյունքում տեղահանված ընտանիքների երեխաներ։

Հոկտեմբերի 23-ին ԵՊՀ մարզադահլիճում կանցկացվի բաց դռների օր, որի ընթացքում բոլոր ցանկացողները կարող են հետևել ակումբի սաների մարզումներին, դառնալ դրանց մասնակիցը, ծանոթանալ նախաձեռնության նպատակներին ու անդամակցության պայմաններին։ Միջոցառմանը ներկա կլինեն նաև մի խումբ հայտնիներ, ովքեր ևս իրենց երեխաների հետ միացել են նախաձեռնությանը։