ՀԱՊ-ը բացահայտում է Այվազովսկու և մյուս հայտնի գործերի նվիրատուներին (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանի ազգային պատկերասրահի հիմնադրման 100-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում բացվեց «Նվիրատուներ և նվիրատվություններ» խորագրով ցուցահանդեսը, որտեղ ներկայացված են 19-րդ դարի և 20-րդ դարասկզբի չորս ծովանկարիչների՝ Հովհաննես Այվազովսկու և նրա կրտսեր ժամանակակից Արսեն Շաբանյանի, Վարդան Մախոխյանի, Էմանուել Մահտեսյանի կտավները: Դրանք՝ որպես հավաքածուներ կամ առանձին արժեքավոր նկարներ, Ազգային պատկերասրահին փոխանցել են Հակոբ Էքիզլերը, Վարվառե Քանանյանը, Աբրահամ Ջինջյանը, Չամքերթեն ընտանիքը, Գարիկ Բասմաջյանը և այլ նվիրատուներ:
«Մենք մեր ուղղվածությունը մի փոքր փոխել ենք, և որոշել ենք մեր այցելուի համար բացահայտել թանգարանի «ետնաբեմը»։ Սա այդ ուղղության արդեն երկրորդ նախագիծն է, առաջինը վերաբերում էր վերականգնված ցուցանմուշներին։ Այսօր թանգարանը 100 տարեկան է, իր հավաքածուում ներառում է 40 000-ից ավելի նմուշ՝ գեղանկար, գրաֆիկա, դեկորատիվ արվեստ, կիրառական առարկաներ, քանդակ, որոնց մեծ մասը գլուխգործոցներ են և հիմնականում պատկերասրահ մուտք են գործել նվիրատվությունների շնորհիվ։ Եվ այսօր մեր պարտքն եմ համարում հիշել նվիրատուների անունները, որնց շնորհիվ ունենք այն թանգարանը, որն ունենք»,- ասաց Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն Մարինա Հակոբյանը։ Նա ընդգծեց, որ այս ցուցադրության նպատակն է ներկայացնել նվիրատուների և նվիրատվությունների «միասնական դիմանկարը» և նշեց, որ գիտահետազոտական հսկայական աշխատանք է կատարվել և այդ աշխատանքի ընթացքում ցուցադրության համադրող Հայկուշ Սահակյանը նոր բացահայտումներ է կատարել։ Նաև ճշգրտվել են նվիրատուների կենսագրականներն ու տվյալները։
Ցուցահանդեսն բաց կլինի հոկտեմբերի 2-ից նոյեմբերի 5-ը: