«Ոսկե ծիրանը»-ը մեկնարկեց/ լուսանկարներ
Աջակցիր «Ա1+»-ին«Ոսկե ծիրան» Երևանի 18-րդ միջազգային կինոփառատոնի բացման պաշտոնական արարողությունը տեղի ունեցավ այսօր՝ հոկտեմբերի 3-ին, ժամը 19։00-ին Մոսկվա կինոթատրոնում։
Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի հիմնադիր տնօրեն Հարություն Խաչատրյանը շեշտեց՝ փառատոնը կայանում է բավականին բարդ ժամանակներում և շնորհակալություն հայտնեց այն իրականացնող երիտասարդ թիմին, ով չի վախենում դժվարություններից։ Խաչատրյանը բեմ հրավիրեց փառատոնի մյուս երկու համահիմնադիրներին՝ Սուսաննա Հարությունյանին և Միքայել Ստամբոլցյանին, և նրանք երեքով ազդարարեցին փառատոնի մեկնարկը։
Իր խոսքի ընթացքում Հարություն Խաչատրյանը բեմ հրավիրեց փառատոնի պատվավոր հյուր՝ ամերիկացի նշանավոր սցենարիստ և ռեժիսոր Փոլ Շրեյդերին: Վերջինս Մարտին Սկորսեզեի «Տաքսիստ», «Կատաղած ցուլը», «Քրիստոսի վերջին գայթակղությունը» ֆիլմերի սցենարիստը, «Ամերիկյան ժիգոլո», «Միսիմա, կյանքը 4 մասից», «Քահանայի օրագիրը» և 2 տասնյակ այլ ֆիլմերի ռեժիսորն և 3 տասնյակ միջազգային կինոփառատոների դափնեկիր: «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի հիմնադիր տնօրենը Շրեյդերին հանձնեց փառատոնի «Փարաջանովյան թալեր» մրցանակը՝ կինոյում ունեցած մեծ ավանդի համար։ Շրեյդերը շնորհակալություն հայտնեց պարգևի համար։
Փառատոնի մեկնարկը տրվեց իսրայելցի մրցանակակիր կինոռեժիսոր Նադավ Լապիդի «Ահեդի ծունկը» ֆիլմով: Ավետիսյանի խոսքով՝ ֆիլմը նամակ-սիրո խոստովանություն է կինոյին ու միևնույն ժամանակ իր մեջ է պարունակում պատերազմի նյարդը։
Ի դեպ, իսրայելցի կինոռեժիսոր, Բեռլինի Ոսկե արջի դափնեկիր (Հոմանիշներ, 2019), Կաննի կինոփառատոնի ժյուրիի հատուկ մրցանակակիր (Ահեդի ծունկը, 2021) Նադավ Լապիդը նույնպես ներկա էր արարողությանը։ Կարեն Ավետիսյանը Լապիդին հրավիրեց բեմ և նրան հանձնեց «Ոսկե ծիրան»-ի «Վարպետ» մրցանակը։
Նադավ Լապիդը շնորհակալություն հայտնեց մրցանակի համար՝ խոստովանելով, որ իր համար անակնկալ էր այն ստանալը։ Նա նաև հավելեց՝ ուրախ է մրցանակը ստանալ Շրեյդերից հետո։ Ապա հավելեց՝ երեք տարի փորձում է Երևան գալ, և ահա, վերջապես, ստացվեց։
Փառատոնային ամբողջական ծրագրին կարող եք ծանոթանալ այս հղումով shorturl.at/hjwAU