Իտալիայի հավաքականը 96 տարի անց պարտություն կրեց իր հարկի տակ
Աջակցիր «Ա1+»-ինՖուտբոլի Իտալիայի հավաքականը 2021թ Ազգերի լիգայի կիսաեզրափակիչ առաջին խաղում սեփական դաշտում 1:2 հաշվով պարտություն կրեց Իսպանիայի ընտրանուց:
Այդպիսով` ընդհատվեց իտալացիների անպարտելի խաղերը շարքը, որը սկսվել էր 2018 թվականի սեպտեմբերի 10-ից հետո և կազմում էր 37 հանդիպում: Բացի այդ, «Սկուադրա աձուրան» պաշտոնական մրցաշարերում առաջին անգամ պարտվեց սեփական դաշտում վերջին 22 տարվա մեջ: 1999թ սեպտեմբերին «երկնագույն թիմն» Եվրո-2000-ի ընտրական փուլի խաղում իր հարկի տակ վերջին անգամ տանում էր տվել Դանիային:
Ինչպես տեղեկացնում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը, Իտալիայի հավաքականը երկրորդ անգամ է պարտություն կրել Միլանում խաղալիս: Առաջին սայթաքումը տեղի էր ունեցել 96 տարի առաջ, 1925 թվականին, Հունգարիայի ազգային թիմի հետ խաղում:
Նշենք, որ 2021թ Ազգերի լիգայի եզրափակիչ մրցաշարն այս օրերին անցկացվում է Իտալիայում: Իտալիայի և Իսպանիայի հավաքականներից բացի կիսաեզրափակիչ են մտել նաև Ֆրանսիայի և Բելգիայի ընտրանիները, որոնք այսօր կհանդիպեն Թուրինում: