100-ից ավելի խաղողով բեռնված բեռնատարներ սպասում են իրենց հերթին․ բողոքի ակցիա Արմավիրի մարզում (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱրմավիրի մարզի խաղողագործներն այսօր բողոքի հերթական ակցիան էին իրականացրել։ Խաղողի մթերման հերթը դեռ չի նվազում։ 100-ից ավելի խաղողով բեռնված բեռնատարներ, 5 օրից ավելի է, Լուկաշինում տեղակայված մթերող կազմակերպության դիմաց սպասում են իրենց հերթին։ Խաղողը որակազրկվել է, քաշը կորցրել, հյութը՝ ասֆալտով տարածվել։ Խաղողագործները փորձել են փակել Արմավիր-Գյումրի ավտոճանապարհը։ Գյուղացիներն ասում են, որ մթերման գործընթացը դանդաղ է ընթանում, ինչի պատճառով օրերով ստիպված են գիշերել գործարանի առաջ։ Գործարանը, որտեղ մթերում է կազմակերպել «Բագրատ գրուպ» ընկերությունը, նախ՝ տեխնիկական անսարքություն է ունեցել, ապա՝ տարաների պակասի պատճառով մթերման գործընթացը դանդաղել է։
Բողոքի ակցիայի մասնակիցների հետ հանդիպեց Արմավիրի մարզպետարանի Գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Արթուր Այվազյանը։ Երկարատև բանակցություններից հետո խնդիրը կարգավորվեց հետևյալ կերպ՝ նույն ընկերությունը Արարատի մարզի Մրգանուշ գյուղում գտնվող իր կազմակերպությունում ևս կմթերի արմավիրցիների խաղողը՝ հերթերը թեթևացնելու և գործընթացն արագացնելու համար։ Բացի այդ, խաղողի մթերման պատրաստակամություն հայտնեց ևս մեկ կազմակերպություն։ Մարզի գլխավոր գյուղատնտեսի խոսքով, եթե գյուղացիները խաղողը տեղափոխեն այդ երկու կազմակերպություններ, խնդիրը կկարգավորվի։
Գյուղացիները տարակուսում էին խաղողը տեղափոխել Արարատի մարզ։ Դա նրանց համար հավելյալ ծախս է։ Գյուղացիներն ասում են՝ մարզի գյուղերից մինչև Լուկաշին բեռնատարը խաղողը տեխափոխում է 20-25 հազար դրամով, հերթին սպասելու մեկ օրը 500 դրամ է, իսկ եթե խաղողը տեղափոխվի Մրգանուշ, կպահանջվի ևս 20-25 հազար դրամ։
Քննարկումներից հետո, այնուամենայնիվ, եղան խաղողագործներ, ովքեր պատրաստակամություն հայտնեցին խաղողը տեղափոխել Արարատի մարզ՝ Մրգանուշում գտնվող կազմակերպություն։
Նշենք, որ խաղողի մթերման գործընթացը Արմավիրի մարզում սկսվել է սեպտեմբերի 16-ից։ Տեխնիկական տեսակի խաղողը մթերվել է Արմավիրի մարզի 6, Արարատի և Արագածոտնի մարզերի 3 կազմակերպությունների կողմից։ Մթերման հետ կապված խնդիրներն առաջացան, երբ մթերող կազմակերպությունները կրճատեցին գյուղացիների հետ կնքված պայմանագրերով խաղողի քանակը, իսկ մեկ կազմակերպություն ընդհանրապես մթերում չիրականացրեց։ Գյուղվարչության պետ Արթուր Այվազյանի խոսքով, արդեն մթերվել է շուրջ 75 հազար տոննա խաղող։ Այս պահին մթերման ենթակա մոտ 3-4 հազար տոննա խաղող կա մարզում, որը մինչև վերջ մթերելու պատրաստակամություն է հայտնել «Բագրատ գրուպ» ընկերությունը։
Մանրամասները՝