Գաբրիել Սարգսյանը հաղթեց և ընդհուպ մոտեցավ առաջատարներին. 2021 FIDE Chess.com Grand Swiss
Աջակցիր «Ա1+»-ինՌիգայում ընթացող 2021 FIDE Chess.com Grand Swiss շախմատի գերխոշոր մրցաշարում այսօր կայացան 5-րդ տուրի պարտիաները:
Հայաստանի շախմատիստներից առավել հաջող խաղաց Գաբրիել Սարգսյանը, որը սպիտակներով հաղթեց սերբ Ալեքսանդր Ինջիչին, վաստակեց 3,5 միավոր և ընդհուպ մոտեցավ մրցաշարի առաջատար եռյակին` Ալիռեզա Ֆիրուջային, Ալեքսեյ Շիրովին և Եվգենի Նայերին, որոնք ունեն 4-ական միավոր:
Առաջատարներին հետապնդողների խմբում են գտնվում նաև մեր գրոսմայստեր Մանուէլ Պետրոսյանը և ամերիկահայ Սամուել Սևյանը, որոնք այս տուրում ոչ-ոքի ավարտեցին իրենց պարտիաները:
Խաղաղ դաշն կնքեց նաև Լևոն Արոնյանը, որը գրոսմայստերական ոչ-ոքի խաղաց ռուսաստանցի Գրիգորի Օպարինի հետ: Նա 3 միավորով այժմ բաժանում է 18-43-րդ տեղերը:
Նույնպիսի ցուցանիշ ունի նաև Ռոբերտ Հովհաննիսյանը, որն ընթացիկ պարտիայում պարտվեց առաջատարներից մեկին` Եվգենի Նայերին:
Կանանց մրցաշարում հանդես եկող մեր երկու շախմատիստուհիները` Աննա Սարգսյանն ու Էլինա Դանիելյանը, անհաջողության մատնվեցին այս տուրում և կորցրին հերթական միավորները: Նրանք արդեն բավական ետ են մնում հինգ առաջատարներից:
Հաջորդ` 6-րդ տուրը, տեղի կունենա նոյեմբերի 1-ին: