Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+liga
A A
Սպորտ

«Բարսելոնայի» և «Մանչեսթեր Յունայթեդի» վերջին շանսը. Չեմպիոնների լիգա  

ՈՒԵՖԱ-ի չեմպիոնների լիգայում այսօր կմեկնարկի խմբային փուլի 5-րդ տուրը:

Մրցումային առաջին օրը նախատեսված 8 հանդիպումներից առավել սկզբունքային նշանակություն ունի «Բարսելոնա» - «Բենֆիկա» հանդիպումը: Առաջին շրջանում կայացած խաղում պորտուգալական ակումբը պարզապես ջախջախել էր կատալոնյան գերակումբին` 3:0: Չնայած դրան, «Բենֆիկան» առայժմ 4 միավորով զբաղեցնում է 3-րդ տեղը, քանի որ թիմը պարզապես տապալվել էր Մյունխենի «Բավարիայի» հետ երկու խաղերում` 0:4, 2:5:

Իսկ ահա կատալոնական ակումբը Կիևի «Դինամոյի» նկատմամբ նվազագույն 1:0 հաշվով տարած երկու հաղթանակների հաշվին դեռևս զբաղեցնում է 2-րդ տեղը, սակայն դեռ չի ապահովել իր տեղը փլեյ-օֆֆում: Դրա համար պետք է այսօր անպայման հաղթել «Բենֆիկային», հակառակ դեպքում «Բարսելոնան» կարող է դուրս մնալ չեմպիոնների լիգայից, քանի որ վերջին տուրում հյուր է գնալու «Բավարիային», որին Իսպանիայում զիջել է 0:3 հաշվով:

Այս տուրում կարևոր նշանակություն ունի նաև «Վիլյառեալ» - «Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպումը: Երկու թիմերն էլ վաստակել են 7-ական միավոր և բաժանում են 1-2-րդ տեղերը, սակայն պարտվելու դեպքում կարող են հայտնվել բարդ իրավիճակում, քանի որ նույն խմբում հանդես եկող «Ատալանտան» ու «Յանգ Բոյզը» եթե երկու հաղթանակ տանեն վերջին երկու խաղերում, ապա միանշանակ կշրջանցեն սայթաքած թիմին: 

Նշենք, որ անգլիական ակումբն այժմ գտնվում է խաղային ճգնաժամի մեջ, քանի որ Անգլիայի առաջնության վերջին 7 խաղերում կրել է 5 պարտություն` բաց թողնելով 15 գոլ: Ակումբի ղեկավարները ստիպված պաշտոնանկ են արել գլխավոր մարզիչ Օլե-Գունար Սոլսկյաերին:

G խմբում միմյանց հետ կհանդիպեն երկու առաջատարները` «Լիլն» ու «Զալցբուրգը»: Ավստրիական ակումբը հաղթելու դեպքում կմտնի 1/8 եզրափակիչ, հակառակ դեպքում պայքարը երկու ուղեգրերի համար ավելի կսրվի: Գերմանական «Վոլֆսբուրգը» և իսպանական «Սևիլյան» շատ քիչ են ետ մնում առաջատարներից և կարող են խառնվել նրանց պայքարին:

H խմբում նույնպես իրար հետ կխաղան երկու առաջատարները` «Յուվենթուսն» ու «Չելսին»: Եթե անգլիացիները սեփական դաշտում վաստակեն մեկ միավոր, ապա իտալացիների հետ միասին կմտնեն փլեյ-օֆֆ: Այս խմբում հանդես եկող «Զենիթն» ու «Մալմյոն» արդեն ետ են մնում 6-9 միավորով և դժվար թե կարողանան հասնել առաջատարներին:

Չեմպիոների լիգայի խմբային փուլ

5-րդ տուր

23 նոյեմբերի

21:45 «Դինամո» Կիև - «Բավարիա»

21:45 «Վիլյառեալ» - «Մանչեսթեր Յունայթեդ»

24:00 «Բարսելոնա» - «Բենֆիկա»

24:00 «Յանգ Բույզ» - «Ատալանտա»

24:00 «Լիլ» - «Զալցբուրգ»

24:00 «Սևիլյա» - «Վոլֆսբուրգ»

24:00 «Չելսի» - «Յուվենթուս»

24:00 «Մալմյո» - «Զենիթ»