«Դորտմունդի «Բորուսիան» դուրս է մնում, իսկ «Միլանը» դեռ խաղի մեջ է. Չեմպիոնների լիգա
Աջակցիր «Ա1+»-ինՈՒԵՖԱ-ի չեմպիոնների լիգայում խմբային փուլի 5-րդ տուրի մնացած 8 հանդիպումները ի հայտ բերեցին փլեյ-օֆֆի ևս հինգ մասնակցի:
A խմբում Փարիզի «ՊՍԺ»-ն Անգլիայում չնայած 1:2 հաշվով զիջեց «Մանչեսթեր Սիթիին», սակայն գրավեց 2-րդ տեղը և մտավ 1/8 եզրափակիչ, քանի որ նրան հետապնդող բելգիական «Բրյուգեն» սեփական դաշտում 0:5 հաշվով պարտվեց գերմանական «ՌԲ Լայպցիգին» և դուրս մնաց ուղեգրերի համար պայքարից: Անգլիական ակումբը ժամանակից շուտ գրավեց առաջին տեղը:
B խմբի առաջատար «Լիվերպուլը» սեփական դաշտում 2:0 հաշվով պարտության մատնեց «Պորտուին» և տարավ հինգերորդ անընդմեջ հաղթանակը: Մադրիդի «Աթլետիկոն» սեփական դաշտում 0:1 հաշվով պարտվեց «Միլանին»: Այդպիսով, վերջին տուրից առաջ պորտուգալացիներն ունեն 5, իսկ իսպանացիներն ու իտալացիները 4-ական միավոր: Ավարտական տուրում «Պորտուն» կընդունի «Աթլետիկոյին», իսկ «Միլանը»` «Լիվերպուլին»: Փլեյ-օֆֆ մտնելու համար մադրիդցիներին ու միլանցիների պետք է միմիայն հաղթանակ:
C խմբում Ամստերդամի «Այաքսը» Թուրքիայում կամային հաղթանակ տարավ տեղի «Բեշիկթաշի» նկատմամբ` 2:1, և վերջնական հաստատվեց առաջին հորիզոնականում: Երկրորդ տեղը զբաղեցրեց և փլեյ-օֆֆի ուղեգիր նվաճեց Լիսաբոնի «Սպորտինգը», որն իր հարկի տակ 3:1 հաշվով հաղթեց Դորտմունդի «Բորուսիային» և անհասանելի դարձավ գերմանական ակումբի համար:
D խմբում 1/8 եզրափակիչ փուլի երկու ուղեգրերը նվաճեցին Մադրիդի «Ռեալն» ու Միլանի «Ինտերը»: Ընթացիկ տուրում իսպանական ակումբը հյուրընկալվելիս 3:0 հաշվով հաղթեց Մոլդովայի չեմպիոն «Շերիֆին», վաստակեց 12 միավոր և պահպանեց առաջին տեղը: «Ինտերը» սեփական դաշտում 2:0 պարտության մատնեց Դոնեցկի «Շախտյորին», վաստակեց 10 միավոր և վերջնականապես առաջ անցավ իրենց հետապնդող «Շերիֆից»:
Այդպիսով, չեմպիոնների լիգայի վերջին տուրից առաջ արդեն հայտնի են փլեյ-օֆֆի 11 մասնակից, ինչը վկայում է այն մասին, որ խմբային փուլն այնքան էլ լարված պայքարում չի անցել: Վերջին` 6-րդ տուրի խաղերը կկայանան դեկտեմբերի 7-ին և 8-ին:
