Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Պաշտոնական

Կզգուշացնեն գյուղտեխնիկա ունեցող գյուղացիներին՝ այնպես երթևեկեն,որ չվնասեն ասֆալտբետոնե նոր ծածկը

Ավարտվել է Շիրակի մարզով անցնող Կամո-Շիրակ մոտ 5 կմ երկարությամբ ավտոճանապարհի վերականգնումը։ Նորոգված կենսական նշանակության ճանապարհը Կամո և Շիրակ բնակավայրերը կապում է Մ-7 /Մ-3/-Սպիտակ-Գյումրի միջպետական ճանապարհի հետ։ 
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի հրամանով ձևավորված հանձնաժողովը կատարված շինարարական աշխատանքները դիտարկեց ու ամփոփեց տեղում:
 
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի ծրագրերի կառավարման և գնումների դեպարտամենտի պետ Նարեկ Զուլալյանը համայնքների ներկայացուցիչների հետ զրույցներում նշեց, որ ճանապարհը երկար ծառայելու համար բնակիչների, համայնքի խնամքի կարիքը ունի։ Նա նաև հորդորեց գյուղացիներին գյուղատնտեսական տեխնիկան (հատկապես թրթուրավոր) վարել հատուկ գյուղտեխնիկայի անցման համար նախատեսված հատվածներով, հակառակ դեպքում ճանապարհային ծածկը շատ արագ կքայքայվի։ Նա նաև նշեց, որ ճանապարհի մի կողմում կողնակները լայն են կառուցվել՝ հատուկ գյուղտեխնիկայի երթևեկի համար։
Ախուրյան համայնքի ղեկավար Արծրունի Իգիթյանը նկատեց, որ կզգուշացնեն գյուղտեխնիկա ունեցող գյուղացիներին, որպեսզի երթևեկեն նախատեսված հատվածներով և չվնասեն ասֆալտբետոնե ծածկը։
 
Ճանապարհաշինական աշխատանքները կատարել է «Մերձմոսկովյան» ՓԲԸ-ն։ Համաշխարհային բանկի և ՀՀ կառավարության կողմից ֆինանսավորվող Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման 2-րդ լրացուցիչ ֆինանսավորում ծրագիրն իրականացվում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի կողմից։