Դավիթ Բեկ բնակավայրի վարչական տարածքի զգալի մասն աղտոտվել էր պայթուցիկ զինամթերքով
Աջակցիր «Ա1+»-ին«Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ն ամփոփում է գործունեության 10 տարին։ Ըստ կենտրոնի՝ 2021 թվականի ընթացքում չպայթած զինամթերք հայտանաբերելու և ոչնչացնելու նպատակով աշխատանքները շարունակել են Սյունիքի մարզի Դավիթ Բեկ համայնքում։
2014-2019թթ. ընթացքում այս տարածքը մաքրվել և հանձնվել էր տեղական ինքնակառավարման մարմիններին: Սակայն 2020 թ. պատերազմի ընթացքում Դավիթ Բեկ բնակավայրի վարչական տարածքի զգալի մասն աղտոտվել էր պայթուցիկ զինամթերքով, այդ թվում՝ կասետային ենթազինամթերքով: Այդ պատճառով էլ «ՀԱՓԿ» ՊՈԱԿ-ի մասնագետները ոչ տեխնիկական հետազոտություն են իրականացրել Դավիթ Բեկում: Աշխատանքների արդյունքում առանձնացվել են հաստատված և կասկածելի տարածքներ, տեղադրվել են ականային վտանգի մասին նախազգուշացնող 50 վահանակներ։
2021 թվականին կատարած աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է ԲՄ-21-ի 8 հատ հրթիռ, կասետային ենթազինամթերքներ, գնդացրի 12,5 մմ 1 փամփուշտ, 100 մմ 2 արկ, 100 մմ արկի պարկուճ, 1 հատ 100 մմ հրետանային արկի պարկուճ, F-1 տեսակի 1 նռնակ, 1 ինքնաշեն նռնակ, 1 չկառավարվող ռեակտիվ արկի (C-8) պոչամաս։ Հայտնաբերված չպայթած զինամթերքը ոչնչացվել է:
2021 թվականին Սյունիքի մարզի Տեղ համայնքի Կոռնիձոր բնակավայրում շարունակվել են մաքրման աշխատանքները և հոկտեմբերի 30-ին «ՀԱՓԿ» ՊՈԱԿ-ը պաշտոնապես տեղական ինքնակառավարման մարմիններին է հանձնել 45 000 քմ պայթուցիկ զինամթերքից մաքրված տարածք։
Հայաստանում իրականցվող աշխատանքներին զուգահեռ «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն»-ը 2019 թվականի փետրվար 8-ից հումանիտար առաքելությամբ է հանդես գալիս նաև Սիրիայի Արաբական Հանրապետությունում: Ընդհանուր առմամբ առաքելության առաջին օրվանից մինչև այսօր ականզերծվել է 880 000 քմ ականապատված տարածք։ Հայտնաբերվել և վնասազերծվել է 594 չպայթած զինամթերք։ Իսկ վիրաբույժներից, թերապևտներից, գինեկոլոգներից, մանկաբույժներից, ատամնաբույժներից, նյարդաբաններից կազմված բժշկական խումբն իր օգնությունն է ցուցաբերել ընդհանուր առմամբ 42 000 հիվանդի:
«ՀԱՓԿ» ՊՈԱԿ-ի գործառույթներից է նաև ականներից տուժած անձանց տվյալնների բազայի թարմացումը։ Այս տարի էլ «ՀԱՓԿ» ՊՈԱԿ-ի աշխատակիցները այցելել են ականից տուժածներին։ Այսօր Հայաստանում ունենք ականների պայթյունից տուժած 745 քաղաքացի:
«Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն»-ն այս տարի արդեն ձեռք է բերել Ֆրանսիայի Հանրապետության և Հյուսիսիսային Իրաքի խոշոր կազմակերպությունների հետ համագործակցելու փոխհամաձայնություն։ Միաժամանակ, ձեռք է բերվել Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունից տեխնիկակական օգնություն ստանալու պայմանավորվածություն։
Այս բոլոր աշխատանքները շարունակական են,2022-ին էլ կշարունակեն կատարել չպայթած զինամթերքի հայտնաբերման, վտանգավոր տարածքների նշագրման, մաքրման և անվտանգ վարքագծի իրազեկման աշխատանքներ: