Համաշխարհային ֆուտբոլը 2021 թվականին զրկվել է 6 սուպերաստղերից
Աջակցիր «Ա1+»-ինՄի քանի շաբաթ առաջ իսպանական «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Կուն Ագուերոն հայտարարեց կարիերան ավարտելու մասին: Դա մեծ անակնկալ էր, քանի որ նա անգլիական «Մանչեսթեր Սիթիից» տեղափոխվել էր կատալոնական ակումբ, որպեսզի խաղա իր հայրենակից Լիոնել Մեսիի հետ: Սակայն վերջինս Իսպանիայի Լա լիգայի նոր կանոնակարգի պատճառով ստիպված տեղափոխվել էր ֆրանսիական «ՊՍԺ» ակումբ:
Կուն Ագուերոն, որը 254 գոլով «Մանչեսթեր Սիթիի» լավագույն ռմբարկուն է, նման անսպասելի որոշում կայացրել է այն բանից հետո, երբ Իսպանիայի առաջնության խաղերից մեկում վատ է զգացել իրեն, իսկ հետագա բուժզննումըցույց է տվել, որ նա խնդիրներ ունի կապված սրտի աշխատանքի հետ: Արգենտինացի հարձակվողն ընդհանուր առմամբ դարձել է 421 գոլի և 165 գոլային փոխանցման հեղինակ 768 խաղերում:
2021 թվականին մեծ ֆուտբոլին հրաժեշտ տվեցին ևս մի քանի աստղեր: Դա նախևառաջ 2014թ աշխարհի չեմպիոն Սամի Խեդիրան է: 34-ամյա գերմանացի կիսապաշտպանը երկար տարիներ հանդես է եկել Մադրիդի «Ռեալում» և Թուրինի «Յուվենթուսում», դարձել է Իսպանիայի և Իտալիայի չեմպիոն: Ընդհանուր առմամբ նա անցկացրել է 559 հանդիպում, որոնցում խփել է 59 գոլ:
Այս տարի ելույթներն ավարտեց նաև Անգլիայի հավաքականի լավագույն ռմբարկու (53 գոլ) Ուեյն Ռունին: Նա բարձր մակարդակով անցկացրել է 887 խաղ, որոնցում դարձել է 366 գոլի և 205 գոլային փոխանցման հեղինակ: 36-ամյա նախկին ֆուտբոլիստն այժմ գլխավորում է «Դերբի Քաունթի» թիմը:
2021 թվականին խաղակոշիկները մեխից կախել է նաև 2010թ աշխարհի փոխչեմպիոն, նիդեռլանդական ֆուտբոլի աստղ Արիեն Ռոբենը: 17 տարվա ընթացքում նա հասցրել է անցկացնել 712 հանդիպում, որոնցում խփել է 246 գոլ և կատարել 220 գոլային փոխանցում: 37-ամյա եզրային հարձակվողը երկար տարիներ հանդես է եկել Մյունխենի «Բավարիայում»:
Այս տարի մեծ ֆուտբոլին հրաժեշտ է տվել նաև 2010թ աշխարհի ևս մեկ փոխչեմպիոն Կլաաս-Յան Հունտելաարը: 38-ամյա հարձակվողը թեև հանդես է եկել ոչ այնքան մեծ ակումբներում, սակայն դարձել է 408 գոլի և 120 գոլային փոխանցման հեղինակ:
2021 թվականը վերջինը դարձավ նաև խորվաթ հարձակվող Մարիո Մանջուկիչի համար: Նա հանդես է եկել և Գերմանիայում, և Իսպանիայում, և Իտալիայում: 35-ամյա ֆուտբոլիստն առավել շատ աչքի է ընկել Թուրինի «Յուվենթուսում», որի հետ դարձել է Իտալիայի հնգակի չեմպիոն: «Սուպեր Մարիոն» ընդհանուր առմամբ անցկացրել է 599 խաղ, խփել 230 գոլ և կատարել 101 գոլային փոխանցում:
