Սուսաննա Գաբոյանը` միանձնյա առաջատար. ՀՀ շախմատի առաջնություն
Աջակցիր «Ա1+»-ինՇախմատի Հայաստանի առաջնություններում այսօր կայացան 3-րդ տուրի պարտիաները:
Տղամարդկանց մրցաշարում Արման Միքայելյանն ու Սամվել Տեր-Սահակյանը հաղթեցին առաջատարներ Հովհաննես Գաբուզյանին ու Դավիթ Շահինյանին, վաստակեցին 2-ական միավոր և հավասարվեցին մյուս երկու առաջատարներին` Հայկ Մարտիրոսյանին ու Զավեն Անդրիասյանին, որոնք ոչ-ոքի խաղացին համապատասխանաբար Մանուէլ Պետրոսյանի և Շանթ Սարգսյանի հետ: Միջազգային վարպետ Մամիկոն Ղարիբյանը հաղթեց Տիգրան Լ. Պետրոսյանին, որը երրորդ անընդմեջ պարտությունը կրեց և առայժմ առաջնության միակ մասնակիցն է, ով միավոր չունի:
Վաղը նախատեսված 4-րդ տուրում միմյանց հետ կհանդիպեն առաջատարներ Հայկ Մարտիրոսյանն ու Զավեն Անդրիասյանը:
Կանանց առաջնությունում երեք տուրից հետո մրցաշարային աղյուսակը սկսեց միանձյա գլխավորել գործող չեմպիոն Սուսաննա Գաբոյանը, որն ընթացիկ պարտիայում ոչ-ոքի խաղաց իրեն հետապնդող Վերոնիկա Խաչատրյանի հետ և կորցրեց առաջին կես միավորը: Մրցաշարի մյուս առաջատարը` Նարե Առաքելյանը, պարտվեց Նարինե Գասպարյանին: Նա և Վերոնիկա Խաչատրյանը 2-ական միավորով բաժանում են 2-3-րդ տեղերը: Այնուհետև հաջորդում են չորս շախմատիստուհի, որոնք ունեն 1,5-ական միավոր: