80 միլիոնից սկսած պատրաստակամ ենք վճարել, որպեսզի Առուշանյանը գտնվի ազատության մեջ․ փաստաբան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին80 միլիոնից սկսած՝ պատրաստակամ ենք վճարել, որպեսզի Առուշանյանը հայտնվի ազատության մեջ․ այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը։
«Մեր միջնորդության հիմքը հետևյալն է՝ մենք ասում ենք, որ Լուսինե Ավետյանի կողմից փաստացի դատական քննության ժամանակ արդեն իսկ հարցաքննված լինելու փաստը և նրա կողմից այսպես ասած արդարացնող բնույթի տված ցուցմունքը արդեն բավարար է արձանագրելու, որ մենք ունենք նոր հանգամանք։ Եվ այդ նոր հանգամանքը բավարար է, որպեսզի Առուշ Առուշանյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը կալանավորումը փոխվի գրավով»,- ասաց Առուշանյանի փաստաբանը՝ նշելով, որ իրենք չեն ասում, որ նախկինում պետության կողմից արձանագրված կալանավորման հիմքերը իսպառ վերացել են։
«Մենք ասում ենք, որ տվյալ պարագայում ունենք այնպիսի իրավիճակ, որը պետության կողմից նախկինում արձանագրված քննությանը խոչընդոտելու հիմքը էապես նվազել է։ Այդ էապես նվազումը, այո, մենք կապում ենք Լուսինե Ավետյանի՝ դատարանում հարցաքննված լինելու հանգամանքով և առավել ևս նրա կողմից այնպիսի բնույթի ցուցմունք տալը, որ արդեն բոլորի համար պարզ է դառնում, որ Առուշանյանը որևէ տեսակի հանցանք չի կատարել։ Նրա դեմ որևէ մեղադրական բնույթի ցուցմունք առկա չէ։
Հետևաբար՝ նման պայմաններում կարծել, որ նրա՝ ազատության մեջ մնալու պարագայում, որևէ մեկի վրա պետք է ազդեցություն ունենա, ուղղակի միամտություն է»,- պարզաբանեց փաստաբանը։
Հիշեցնենք՝Վերաքննիչ դատարանը քննում է Առուշ Առուշանյանի բողոքը՝ կալանավորելու վերաբերյալ առաջին ատյանի դատարանի կայացրած որոշման դեմ։