Բացել լրահոսը Փակել լրահոսը
Կենդանաբանական այգի
A A
Հասարակություն

Կենդանաբանական այգու յագուարը սատկել է

Կենդանաբանական այգու յագուարը սատկել է։ Տեղեկությունը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է այգու տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արևիկ Մկրտչյանը` հավելելով, որ կենդանուն իր վանդակում երեկ առավոտյան գտել են անշարժացած։ Նա մասնավորապես նշել է․ 

«Որևէ կլինիկական ախտանշան վերջին 3-4 օրվա ընթացքում, բացի դժվարաշնչությունից, չի եղել:
 
Կերից հրաժարվել է միայն նախորդ օրը երեկոյան:
Կատարել ենք հակաբիոտիկային բուժում, որից հետո յագուարն ակտիվացավ, սկսեց կես բաժնի փոխարեն մեկն ուտել:
Մահը հանկարծակիի բերեց բոլորիս առավոտ կանուխ՝ առաջացնելով բազմաթիվ հարցեր:
 
Այսօր իմ հրավերով Այգի են ժամանել ՀՀ ՍԱՏՄ աշխատակիցները, լաբորատորիայի գլխավոր դիահերձողն ու Ագրարային համալսարանի լավագույն պրոֆեսորները՝ դիահերձում կատարելու, 10 տարեկան կենդանու հանկարծակի մահվան պատճառը պարզելու համար:
Նախնական ախտորոշմամբ պատկերը բնորոշ է քրոնիկ բրոնխոպնևմոնիայի. ախտահարված էին կենդանու թոքերը, բրոնխները, լյարդն ու փայծաղը: Թոքերի շուրջ և տարածված կային նաև տեսանելի հյուսվածքներ, որ նորագոյացության կասկած տվեց, ինչը պարզելու համար կենսանմուշն ուղարկեցինք հիստոպաթոլոգիական անալիզի:
 
Լրացուցիչ իրականացրել ենք տոքսոպլազմոզի ստուգում՝ դրական ելքով (որի համար կա հավանական 2 պատճառ՝ տարածքի թափառող կատուներ + սննդակարգի վարակված միս, բայց սա մահվան պատճառ լինել չէր կարող), նմուշի մանրէաբանական լաբ. ստուգում, ինչպես նաև թունաբանություն՝ բացառելու համար բոլոր այլ գործոնները:
Լաբորատոր և դիահերձման պատասխանները պարզ կլինեն 3-4 օրվա ընթացքում, որի արդյունքները լինելուն պես կհրապարակեմ:
 
Նախքան դա խնդրում եմ բոլորին նվազագույնը սպասել մասնագիտական եզրահանգմանը և զերծ մնալ սուբյեկտիվ դատողություներից ու չհիմնավորված ենթադրություններից:
 
Յագուարին ներմուծել եմ ես՝ Վրաստանի Հանրապետությունից, դեռ 2013թ-ին: Կենդանին ընդամենը 3 տարի ցուցադրվեց, իսկ 2016թ.-ի վերակառուցումից հետո մինչ օրս պահվեց Այգու կարանտինային շենքում, ուր ջեռուցումն, իմ տվյալներով, մշտապես խնդիրներ է ունեցել:
 
Կենդանու հիվանդության պատմություն/անկետա գոյություն չունի: Կլինիկական ախտանիշներ նկարագրված չկան, սակայն ցանկացած կենդանաբույժ կհավաստի, որ բրոնխիտային - թոքային պրոցեսը ժամանակին չհայտնաբերելն ու չբուժելն անհետևանք մնալ չէր կարող: Հիստոպաթոլոգիան կտա բոլոր հարցերի պատասխանները, վերջնական եզրակացությունը կհաջորդի:
 
Յագոն իմ սիրելին էր՝ Երևանին նվիրաբերված առաջին կատվազգին...»