A
A
Օրինագիծն ուղղակիորեն սպասարկում է Լիդիան Արմենիա ընկերությանը. ՀԲՃ
Աջակցիր «Ա1+»-ինՀայկական բնապահպանական ճակատը հայտարարություն է տարածել Ընդերքի օրենսգրքում առաջարկվող փոփոխությունների մասին
ՀՀ կառավարությունն առանց քննարկման հավանության է արժանացրել Ընդերքի օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագիծը և այն ուղարկել Ազգային ժողով։
Կառավարությունն առաջարկում է ի թիվս այլ հանգամանքների անհաղթահարելի ուժ համարել նաև քաղաքացիական անհնազանդությունը, որի հիմքով հանքարդյունահանող ընկերությունները չեն կարողացել իրականացնել ընդերքօգտագործման կամ երկրաբանական ուսումնասիրությունների իրենց ծրագրերը, և այդ հիմքով երկարացնել դրանց ընդերքօգտագործման իրավունքները։
Հիշեցնենք, որ Ընդերքի մասին օրենսգիրքը տարիներ առաջ գրվել է Համաշխարհային բանկի աջակցությամբ ծրագրի շրջանակներում հանքահեն ընկերություններին սպասարկող իրավաբան-փաստաբանների կողմից։
Այժմ հանքահեններն ուղղակիորեն ապտակում են իշխող կուսակցությանը, որի անդամները 2018 թ-ին հայտնվել են կառավարաման ղեկին քաղաքացիական անհնազանդության ուժով։
Ակնհայտ է, որ այս օրինագիծն ուղղակիորեն սպասարկում է Լիդիան Արմենիա ընկերությանը։
Ընդորում այս փոփոխությունները պետք է ունենան նաև 4 տարի հետադարձ ուժ։ Տարիներ ի վեր պնդել ենք, որ այս ընկերության շահերի համար ենթաօրենսդրական ակտերի փոփոխությունները կոռուպցիայի դրսևորում են։
Ակհնայտ է նաև, որ նման հակադեմոկրատական քայլի շահառուները հերթով շարված են՝ օգտվելու բացարձակ ոչ լեգիտիմ այս օրինագծից՝ ռուսական խոշոր հանքահեններ, օֆշորներում ծպտված անհայտ ընկերություններ, որոնք աչք են դրել Լոռիի, Տավուշի, Վայոց ձորի դեռևս չապականված տարածքների վրա և որոնց բնակիչները կտրականորեն դեմ են իրենց հողերում հանքարդյունաբերական որևէ տեսակի նախագծի։
Մեզ շատ բան չի մնում ասելու, քան ակնկալել, որ իշխող կուսակցության պատգամավորները կգտնեն ինքնասիրություն և կկարողանան դեմ կանգնել հանուն մասնավոր բիզնեսի ու սեփական ժողովրդի դեմ գրված այս խայտառակ օրինագծին։
Կսպասենք, որ իսկապես կգտնվեն արժանապատիվ քաղաքացիներ, որոնք իրենց քվեարկությամբ չեն պնդի, թե անձրև է գալիս, երբ իրականում թքում են մեր երեսներին։
Հայկական բնապահպանական ճակատ կամավորական քաղաքացիական նախաձեռնություն