Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+aronyan (6)
A A
Սպորտ

Լևոն Արոնյանը միջին դիրք է գրավում խոշոր մրցաշարում

Մեկնարկել է առցանց անցկացվող Airthings Masters շախմատային մրցաշարների շարքը:

Առաջին փուլին մասնակցում են 16 շախմատիստ, որոնք արագ շախմատի շրջանաձև մրցակարգով կորոշեն հաղթողին: Հաղթանակի համար տրվում է 3, իսկ ոչ-ոքիի համար` 1 միավոր:

Արդեն կայացել են առաջին 8 տուրի հանդիպումները: Շախմատի Հայաստանի հավաքականի նախկին առաջատար Լևոն Արոնյանը, որն այժմ ներկայացնում է Միացյալ Նահանգները, 24 հնարավորից վաստակել է 12 միավոր և նիդեռլանդցի Անիշ Գիրիի հետ բաժանում է 7-8-րդ տեղերը:

Մրցաշարային աղյուսակը վստահ գլխավորում է ռուսաստանցի Յան Նեպոմնյաշչին, որը վաստակել է 19 միավոր: Նրան հաջորդում են չինացի Դին Լիժենն ու կանադացի Էրիկ Հանսենը, որոնք ունեն 15-ական միավոր: Աշխարհի չեմպիոն Մագնուս Կառլսենը 13 միավորով 5-րդ տեղում է:

Այսօր տեղի կունենան հերթական չորս տուրերը: 11-րդ տուրում Լևոն Արոնյանը սպիտակներով կհանդիպի ադրբեջանցի Շախրիյար Մամեդյարովի հետ, որը 7 միավորով զբաղեցնում է 15-րդ տեղը:

Նշենք, որ Airthings Masters շախմատային մրցաշարների շարքը բաղկացած է 9 փուլից: Մրցանակային ընդհանուր հիմնադրամը 1,6 մլն դոլար է, բացի այդ յուրաքանչյուր հաղթանակի համար շախմատիստները կստանան 750-ական դոլար պարգևավճար: Նշենք, որ մինչև 40-րդ քայլը կողմերը չեն կարող միմյանց ոչ-ոքի առաջարկել: