Լևոն Արոնյանը զիջեց դիրքերը. Airthings Masters
Աջակցիր «Ա1+»-ինԱռցանց անցկացվող Airthings Masters արագ շախմատի մրցաշարի 1-ին փուլում կայացան հերթական չորս տուրերը:
ԱՄՆ ներկայացնող մեր շախմատիստ Լևոն Արոնյանը 12 հնարավորից վաստակեց ընդամենը 5 միավոր (հաղթանակի համար տրվում է 3, ոչ-ոքու համար` 1 միավոր): Նա հաղթեց լեհ Դուդային, պարտվեց ռուսաստանցի Ատեմիևին և ոչ-ոքի խաղաց ադրբեջանցի Մամեդյարովի և նիդեռլանդցի Գիրիի հետ: Հայ գրոսմայստերն այժմ 17 միավորով զբաղեցնում է 10-րդ տեղը:
Մրցաշարային աղյուսակը վստահ գլխավորում է ռուսաստանցի Յան Նեպոմնյաշչին, որը վաստակել է 27 միավոր: Նրան հաջորդող աշխարհի չեմպիոն Մագնուս Կառլսենն ունի 20 միավոր:
Այսօր տեղի կունենան վերջին երեք տուրերը: 13-րդ տուրում Լևոն Արոնյանը սպիտակներով կմրցի հենց Մագնուս Կառլսենի հետ:
Հիշեցնենք, որ Airthings Masters շախմատային մրցաշարերի շարքը բաղկացած է 9 փուլից: Մրցանակային ընդհանուր հիմնադրամը 1,6 մլն դոլար է, բացի այդ յուրաքանչյուր հաղթանակի համար շախմատիստները կստանան 750-ական դոլար պարգևավճար: Նշենք, որ մինչև 40-րդ քայլը կողմերը չեն կարող միմյանց ոչ-ոքի առաջարկել: