Բացել լրահոսը Փակել լրահոսը
Italy-Tuscany-Lo-scoglietto-rosignano-marittimo
A A
Պաշտոնական Հասարակություն

Հայկական գինու զբոսաշրջության 11 նախագիծ մասնակցում է Wine Travel Awards միջազգային մրցույթին

2022 թ մարտ ամսին առաջին անգամ կկազմակերպվի Wine Travel Awards 2021-2022 գինու զբոսաշրջության առցանց մրցանակաբաշխությունը՝ հայտնում է Էկոնոմիկայի նախարարությունը։

Հայաստանը` Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) «Մասնավոր հատվածի զարգացում և մասնագիտական կրթություն և ուսուցում Հարավային Կովկասում» (ՄՀԶ ՄԿՈՒ) ծրագրի հովանավորությամբ և Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի (ՀԽԳՀ) աջակցությամբ մրցանակաբաշխությանը կներկայացնի հայկական գինու զբոսաշրջության 11 նախագիծ: Քվեարկությունը կսկսվի մարտի 1-ից www.winetravelawards.com կայքում:

Հաղթողները կորոշվեն ինչպես հանրային քվեարկության, այնպես էլ գինու և էնոտուրիզմի փորձագետներից բաղկացած ժյուրիի գնահատման միջոցով: «Նորարարական ձևաչափով այս մրցույթն անցկացվում է առաջին անգամ: Այն ներառում է թիրախային երկրներում միասնական գովազդային և տեղեկատվական արշավների իրականացում:

Դրանք կնպաստեն առաջադրված գինու զբոսաշրջության նախագծերի, մրցույթի գործընկերների, ինչպես նաև մասնակից երկրների հանրահռչակմանը»,- նշել է ՀԽԳՀ միջազգային ծրագրերի փորձագետ և նորարարական գինու զբոսաշրջության մագիստրոս Հայարփի Շահինյանը:

Թեկնածու նախագծերի մասին հոդվածները և պրոֆիլները կհրապարակվեն Wine Travel Awards Guide կատալոգում, որը կցուցադրվի գինու ոլորտի ամենակարևոր և հայտնի ցուցահանդեսներին՝ ներառյալ London Wine Fair և ProWein։ Բացի այդ, մրցույթից առաջ և հետո կիրականացվեն հանրային իրազեկման արշավներ թիրախային երկրներում՝ Իսպանիա, Ֆրանսիա, Իտալիա, Միացյալ Թագավորություն, Ուկրաինա, Վրաստան, Մոլդովա: